Երևանի քաղաքապետի գործառույթները կկատարի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը
Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին փոխարինելու է քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Այս մասին ասել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Լեւոն Հովհաննիսյանը Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով համարվում է ավագանու անդամ եւ ամբողջ ծավալով շարունակում է իրականացնել քաղաքապետի գործառույթները։ Այս առումով քաղաքում կառավարման ճգնաժամ չենք ունենա։ Այս պահից քաղաքապետի պարտականությունները, ընդ որում՝ ամբողջ ծավալով, կատարում է Լեւոն Հովհաննիսյանը»,- ասաց Դավիթ Խաժակյանը, հայտնում է news.am-ը:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնել է իր հրաժարականի մասին` նշելով, որ շարունակելու է աշխատել իշխող քաղաքական ուժի` «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության հետ։ Այս մասին նա հայտարարել է մարտի 17-ին քաղաքապետարանի արտահերթ գործավարական նիստում։