24.11.2024
Տիգրան Ավինյանը դատվելու է. Արմեն Աշոտյանը գիտի՝ ինչ քրեական գործով
prev Նախորդ նորություն

«Հայաստան» խմբակցության էլիտան ու շարքայինները. կան նեղացածներ. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Տարեվերջին ԱԺ «Հայաստան» խմբակցության նոր խորհուրդ է ձեւավորվել, որը էլ ավելի է սրել խմբակցության ներքին մթնոլորտը։ Նախկին խորհուրդը բաղկացած էր ութ հոգուց, խորհրդի անդամներն էին խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ՀՅԴ-ականներ Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը՝ Ռոբերտ Քոչարյանի քվոտայով ցուցակում ընդգրկված Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը եւ Արամ Վարդեւանյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։ Այս կազմը քվոտաներով էր` խորհրդին անդամակցում էին դաշինքի մաս կազմող բոլոր ուժերի ներկայացուցիչները՝ ՀՅԴ-ից, Քոչարյանի թեւից, ՀՎ-ից։ Վարդեւանյանի եւ Վահե Հակոբյանի թիմի` ԱԺ մանդատները դնելուց հետո նոր խորհուրդ ձեւավորելու անհրաժեշտություն է առաջացել։ Տարեվերջին, ըստ էության, հաստատել են խմբակցությունում առաջացած ստատուս քվոն․ խորհրդի կազմը փոքրացել է, որեւէ նոր պատգամավոր չի համալրել՝ դուրս եկածներին նորերով չեն փոխարինել։ Ռոբերտ Քոչարյանը պատգամավորների հենց այս նեղ խմբակի հետ է նախեւառաջ հարցերը քննարկում:

Եթե պետք է լինում` ընդլայնված քննարկումներ են կազմակերպում, եթե՝ ոչ, ապա խորհրդի անդամները ֆրակցիային փոխանցում են իրենց առաջնորդի ասելիքը այս կամ այն հարցի վերաբերյալ։ Պարզ ասած՝ խորհրդի անդամ հանդիսացող պատգամավորները համարվում են Քոչարյանի ամենավստահելիները եւ խմբակցությունում «կլասով» բարձր են համարվում մյուսներից։ Մեզ ասացին, որ Քոչարյանի այս որոշումից հատկապես նեղսրտել է պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, նա եւ նրա թիմակից Արեգնազ Մանուկյանը, վերջին շրջանում բավականին մեկուսացել են եւ ակտիվ շփումներ չունեն խմբակցության գործընկերների հետ։ Թեւանյանը հույս է ունեցել, որ երկրորդ նախագահն իրեն նույնպես կառանձնացնի շարքային պատգամավորներից, սակայն նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրներն ասացին, որ Քոչարյանը որոշ անվստահություն ունի Թեւանյանի նկատմամբ, քանի որ իր ականջին են հասել պատգամավորի՝ տարբեր շրջանակներում արած հայտարարություններն այն մասին, որ Քոչարյանը վայր է դրել զենքերը, չի պայքարելու, որ իր էջն արդեն փակված է եւ այլն։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ավելի քան երեք տարի է, ինչ Հայաստանի կառավարությունը փորձում է Վրաստանի Փոթիի եւ Ռուսաստանի Կովկաս նավահանգիստների միջեւ լաստանավային բեռնափոխադրումներ կազմակերպել, որը պետք է այլընտրանք դառնա մշտապես ծանրաբեռնված Վերին Լարսի անցակետին։ Լաստանավեր ձեռք բերելու կառավարության մտադրության մասին առաջին անգամ դեռ 2019-ի նոյեմբերին Ազգային ժողովում հայտարարել էր տարածքային կառավարման եւ զարգացման նախկին նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս երեք տարիների ընթացքում տարբեր խոստումներ են եղել, որոնք որեւէ մեկն էլ իրականություն չեն դարձել: Լաստանավեր գնելու մտադրության մասին կառավարության 2019-ի հայտարարությունից հետո՝ շուրջ մեկուկես տարվա ընթացքում, որեւէ առաջընթաց չգրանցվեց։ Լռությունը 2021-ի օգոստոսին խախտեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հայտարարելով, որ կառավարությունը փորձելու է լաստանավային ուղին գործարկել մինչեւ 2021-ի տարեվերջ։


Ավելի ուշ նախարարը հայտնեց, որ լաստանավային փոխադրումը կսկսի գործել նոյեմբերից, սակայն ո՛չ նոյեմբերին, ո՛չ էլ 2021-ի տարեվերջին լաստանավային անցումը չգործարկվեց։ 2022-ի մարտին կառավարությունը որոշում ընդունեց պետբյուջեից սուբսիդավորել կանոնավոր լաստանավային բեռնափոխադրման՝ տնտեսվարողների ծախսերը։ Արդեն մայիսին Վահան Քերոբյանը կառավարության նիստին ազդարարեց, որ 2022-ի հունիսի 15-ից կմեկնարկի լաստանավային հաղորդակցությունը, ինչը վերահաստատեց նաեւ հունիսին 6-ին։ Հունիսին 15-ն անցավ, սակայն լաստանավային ուղին կրկին չգործարկվեց։ Օգոստոսի 11-ին էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ լաստանավի գործարկումն ընդամենը օրերի հարց է, սակայն 2022-ը նախորդ տարվա պես անցավ առանց խոստացված լաստանավային հաղորդակցության։  Քրոնիկոնը ամփոփել էր CivilNetCheck-ը եւ եւս մեկ անգամ ապացուցել, որ կառավարության խոստումներն իրականություն չեն դառնում: Այսպիսով, չնայած կառավարության հավաստիացումներին եւ վերջնաժամկետներին՝ մինչ օրս լաստանավային անցումը չի գործարկվել, իսկ հայաստանյան տնտեսվարողների բեռնատարները շարունակում են շաբաթներով սպասել Վերին Լարսում։


«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի նախկին դատախազ Գուրգեն Ներսիսյանի` պետնախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո Արցախում գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է մնացել, այն պետք է համալրվի մի քանի օրից։ Չնայած որ խորհրդարանն է ընտրելու նոր գլխավոր դատախազին, սակայն երեկվա դրությամբ դեռ պատկերացում չունեին, թե ում թեկնածությունն է ներկայացնելու Արցախի նախագահը։ Նախագահականի մեր աղբյուրները փոխանցում են, որ ամենայն հավանականությամբ Արայիկ Հարությունյանի ընտրությունը կանգ կառնի Ներսիսյանի տեղակալներից մեկի վրա: Չի բացառվում՝ Կարեն Գաբրիելյանի, որը դատախազության հնաբնակներից է, սակայն պատերազմից հետո՝ 2021-ի մարտի 15-ին է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ։ Ի դեպ, մամուլում վերջերս լուրեր էին շրջանառվում, թե չի բացառվում, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զբաղեցնի ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնը, սակայն Արցախի Սահմանադրությունը դա թույլ չի տալիս․ «Գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով հսկող դատախազ է նշանակվել Գորիկ Հովակիմյանը: Ուշագրավն այն է, որ նա անցել է «Մարտի 1»-ի գործով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիկ Հովակիմյանի դեմ «Մարտի 1»-ի գործով չերյոմուխայից վնասվածք ստացած անձանցից մեկը ցուցմունք է տվել, թե Հովակիմյանը իր աշխատասենյակում բռնության է ենթարկել իրեն, ինչը դարձել է քննության առարկա, եւ հետագայում գործը կարճվել է: Ի դեպ, Հովակիմյանը անգամ 2018 թվականին ՀՔԾ-ում՝ ներկայիս Հակակոռուպցիոն կոմիտեում, հարցաքննվել է որպես վկա: Հիշեցնենք, որ խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան ՀՀ ազգային ժողովի դիմաց մեծ թվով անձանց կողմից խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին է: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատության ենթարկվել: Այս միջադեպից երեք տարի անց նախաքննական մարմինը երկու անձանց է օրերս կալանավորել, որոնք չեն ընդունում, որ ծեծել են Արարատ Միրզոյանին։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով նշանակվել էր թմրաբանական փորձաքննություն, քանի որ կասկածներ էին եղել, թե թմրանյութ է եղել կացարանում: Եզրակացությամբ հաստատվել է, որ ողջ մնացած զինվորներն ու սպան թմրանյութ չեն օգտագործել։ Նախաքննական մարմինը նաեւ դատաքիմիական փորձաքննություն է նշանակել՝ հասկանալու համար, թե նրանք ալկոհոլ օգտագործել են, թե ոչ։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կենդանի մնացած երկու զինվորն ու սպան ալկոհոլ եւս օգտագործած չեն եղել: Ի դեպ, սպա Եղիշե Հակոբյանին այրվածքաբանության հիվանդանոցից տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ, եւ նա կրկին պատրաստակամություն է հայտնել շարունակել հարցաքննությունը։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհ էր բռնկվել, ինչ հետեւանքով մահացան 15 զինծառայող. գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ։


«Հրապարակ» թերթը գրում է. Խորհրդարան է ներկայացվել կառավարության (2021-2026 ԹԹ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին հաշվետվություն, որում հատկապես ուշագրավ տվյալներ կան պաշտպանության ոլորտի վերաբերյալ։ Այսպիսով՝ ըստ հաշվետվության՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփելով ագրեսիայի արդյունքում իրականացվող քննությունը ՔԿ-ն հայտարարեց, որ «հայկական կողմից զոհվել է 224 անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը»։ ՊՆ ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2021 և 2022 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված։


«Հրապարակ» թերթը գրում է. Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների հետեւողական քայլերը վերջին ժամանակներում անհանգստություն են առաջացրել ռուսական իշխանությունների մոտ։ Տարբեր էմիսարներ են գործուղվում Հայաստան, մեզ ասացին, որ փորձում են ընդդիմադիր նոր՝ առավել կենսունակ միավոր ձեւավորել, որը անհրաժեշտության դեպքում կօգտագործեն Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ Ռուսական գործոնի ակտիվության ապացույց է նաեւ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի նախօրեի հանդիպումը հայտնի ռուս մարդկանց անունը կրող երևանյան դպրոցների տնօրենների հետ։ Սերգեյ Կոպիրկինը տնօրեններին հայտնել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու հարցը։ Արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսաց լեզվով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով։