27.11.2024
Գերմանիայի ՆԳՆ. Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո 35 դիվանագետ ապաստան է հայցել
prev Նախորդ նորություն

Երևանում սպասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր կժամանեն Հայաստան։ Արտաքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ սպասվում է հանդիպում հանրապետության նախագահի ու արտգործնախարարի հետ։ Քննարկվող հարցերի մասին հայտնի կդառնա ավելի ուշ։

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել էին Լեռնային Ղարաբաղ, իսկ մինչ այդ նրանք Ադրբեջանում էին: Այսօր Երևանում տեղի կունենա նաեւ ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մամուլի ասուլիսը, ով Բաքվում կայացած մամուլի ասուլիսին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել էր, որ «օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»:

Նա ասել էր նաեւ, որ բանակցությունների բաղադրիչ մաս են կազմում նաև փախստականների և տեղահանվածների վերադարձի հարցը, խաղաղապահների տեղակայումը: «Այդ ամենը կլինի քննարկման առարկա: ԼՂ ապագա կարգավիճակի հարցը առաջ է քաշվել հենց Ալիևի կողմից և մենք դա ողջունում ենք»,- հայտարարել է Ուորլիքը:

Անդրադառնալով նախագահների առաջիկա հանդիպմանը՝ նա նշել է, որ նման հանդիպումները պետք է շարունակվեն:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Ուորլիքի խոսքերը հավանաբար աղավաղել են։

Բաբայանի փոխանցմամբ, ղարաբաղյան հանդիպումը լավ է անցել, կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել, վերահաստատվել է պատրաստակամությունը՝ հետևել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Նախագահ Սահակյանը վերահաստատել է, որ մենք ողջունում ենք այդ պայմանավորվածությունները, ավելին՝ նշել է, որ այդ մեխանիզմների ներդրումն առաջնային նշանակություն ունի, դրանից հետո պետք է ակնկալել ինչ-որ դրական զարգացումներ, առանց դրանց իհարկե դժվար է լինելու ակնկալել արդյունավետ զարգացում, որովհետև սրանք ամենակարևոր և առաջնային թեմաներն են, խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն՝ սահմաններում կայունության և խաղաղության պահպանումը, և այդ զինադադարի ռեժիմի խախտումների վերհանումը շատ կարևոր է», - ասաց Բաբայանը։