Վրաստան - ՌԴ. կչեղարկվի՞ արդյոք վիզային ռեժիմը
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Պրահայում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: Հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն աշխատանքներ է իրականացնում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ։
Աբաշիձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է. «Վիզային ռեժիմի վերացման կապակցությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի էլ ավելի մեղմացվի վիզային ռեժիմը։
Հատկանշական է, որ Մոսկվայի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման գործընթացը սկսվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2015 թ.-ի դեկտեմբերի վերջին արած հայտարարությունից հետո, որ ՌԴ-ը պատրաստ է վերացնել վիզային ռեժիմը Վրաստանի հետ: «Կարծում ենք, մենք պատրաստ ենք վերացնել վիզային ռեժիմը Վրաստանի հետ»,-նշել էր Պուտինը:
Ռուսաստանը վիզային ռեժիմ է սահմանել Վրաստանի հետ 2000թ.-ին՝ դրան ի պատասխան վրացական կողմը վիզաներ է սահմանել ռուսաստանցիների համար: 2004թ.-ին Վրաստանը դյուրացրել է վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար, որոնք այդ պահից սկսած վիզաներ էին ստանում Վրաստան ժամանելուն պես: 2012թ.-ի սկզբից Վրաստանը լիովին չեղարկել է վիզաները ռուսաստանցիների համար, չնայած 2008թ.-ի օգոստոսյան պատերազմից հետո ՌԴ-ի կողմից Վրաստանի նկատմամբ վիզային ռեժիմի խստացման:
Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել էր, որ ռուսական կողմից վիզային ռեժիմի դյուրացումը՝ ճիշտ ուղղությամբ արված քայլ է: Նրա խոսքով, վիզային ռեժիմի դյուրացումը լուծում է բազմաթիվ քաղաքացիների հարցեր: Միեւնույն ժամանակ Եվրամիությունը, չնայած նախկինում ձեռք բերած պայամանվորվածություններին, չի շտապում ազատ վիզային ռեժիմ սահմանել Վրաստանի հետ:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գոգի Թոփաձեն կարծում է, որ ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացումը կնպաստի ռուսական շուկա վրացական արտադրանքի արտահանմանը, ինչը թթվածին է Վրաստանի տնտեսության համար:
2015թ.-ի հունվար-նոյեմբերին Ռուսաստանը Վրաստանի առևտրային գործընկերների շարքում երրորդն էր: Նշված ժամանակահատվածում ՌԴ-Վրաստան ապրանքաշրջանառությունը կազմել է 675,4 միլիոն դոլար, ինչը 10%-ով քիչ է՝ 2014թ.-ից: Հատկանշական է, որ Ռուսաստանը բացարձակ առաջատար է դեպի Վրաստան մասնավոր տրանսֆերտների փոխաանցման ծավալների հարցում: Այդ երկիր մուտք գործող տրանսֆերտների ընդհանուր ծավալի 34 տոկոսը գալիս է ՌԴ-ից: