26.11.2024
Վրաստան - ՌԴ. կչեղարկվի՞ արդյոք վիզային ռեժիմը
prev Նախորդ նորություն

Human Rights Watch. Ադրբեջանը վերսկսել է իշխանության քննադատներին հալածելու պրակտիկան

Չնայած Ադրբեջանում այս տարի շատ բանտարկյալների ազատ են արձակել, Բաքուն վերսկսել է իշխանության քննադատներին եւ անկախ կազմակերպություններին հալածելու արատավոր պրակտիկան։ Այս մասին ասված է Human Rights Watch կազմակերպության զեկույցում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

«Հաշվի առնելով կեղծ մեղադրանքներով բանտարկված որոշ ակտիվիստների ազատումը՝ մեծ հույսեր կային, որ Ադրբեջանը շրջադարձ կկատարի,– ասում է Human Rights Watch–ի զեկույցի հեղինակ Գեորգի Գոգիան։– Սակայն լավատեսությունը ցրվում է՝ հաշվի առնելով, թե ինչպես է կառավարությունը շարունակաբար հալածում քննադատներին եւ փորձում է փակել անկախ կազմակերպությունները»։

Հրապարակված փաստաթուղթը տեղեկություններ է պարունակում, որոնք հիմնված են ավելի քան 90 հարցազրույցների, քրեական եւ վարչական մեղադրանքով քաղաքական ակտիվիստների, լրագրողների եւ այլ անձանց ձերբակալությունների վրա։

2016 թվականին Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն կեղծ մեղադրանքով ձերբակալել են քաղաքական եւ երիտասարդական շարժումների 20 ակտիվիստի, այլ նաեւ էապես սահմանափակել են անկախ կազմակերպությունների գործունեությունը՝ սեղմելով ավելի վաղ ազատված ակտիվիստների գործունեության շրջանակները։

«Մենք ազատ ենք, բայց ինչ կարող ենք անել. հիմա մեզ համար միակ հարթակը սոցիալական լրատվամիջոցներն են։ Այլընտրանքը երկրից հեռանալն է»,– մեջբերում է զեկույցը Ընտրությունների մշտադիտարկման եւ ժողովրդավարության ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Անար Մամադլիի խոսքը, որին իշխանություններն ազատ էին արձակել այս տարի։