Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Քրեական դատավարության օրենսգրքում եւ «Դատախազության մասին» օրենքում: Կարգավորումներն ԱԺ փետրվարի 9-ի նիստում քննարկվել են առաջին ընթերցման ընթացակարգով:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքով առաջարկվում են կարգավորումներ դատախազական խմբի ստեղծման, խմբի ղեկավարի եւ անդամների լիազորությունների վերաբերյալ: Փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ ե՛ւ Քրեական դատավարության օրենսգիրքը, ե՛ւ «Դատախազության մասին» օրենքը նախատեսում են դատախազական խմբի ստեղծման հնարավորություն, սակայն գործնականում չեն կարգավորում խմբի գործունեությունը:
«Դատախազության մասին» օրենքում առաջարկվում է վերանայել դատախազության պաշտոնների դասակարգումը, դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակների եւ դատախազներին պաշտոնի նշանակելու կարգին վերաբերող հոդվածները:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է դատախազության կողմից բացառիկ դեպքում համայնքային շահերի պաշտպանության հայցի հարուցմանը, մասնավորապես, առաջարկվում է «պետական շահեր» եզրույթում պետական բառից հետո լրացնել «համայնքային» բառը:
Առաջարկվում է հստակեցնել դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձին ներկայացվող պահանջները: Գործնականում լինում են իրավիճակներ, երբ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացնում անձ, որի 22 տարին լրանալու է երկու ամսից: Տվյալ իրավիճակում օրենքը չի պարունակում հստակ կարգավորումներ՝ տվյալ անձը կարո՞ղ է մասնակցել մրցույթին, թե՝ ոչ: Օրենքով 22 տարին լրացած լինելը վերաբերում է դատախազ նշանակելու ընդհանուր պահանջներին, այլ ոչ թե մրցույթին մասնակցելու հնարավորությանը:
Առաջարկվում է նաեւ Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմում կատարել որոշակի փոփոխություններ՝ հանձնաժողովում նախկին երեքի փոխարեն ընդգրկելով չորս իրավաբան-գիտնականների եւ հանձնաժողովի կազմից հանելով Արդարադատության ակադեմիայի ռեկտորին: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ որակավորման հանձնաժողովն առանցքային դերակատարում ունի դատախազների թեկնածուների ցուցակի կազմման եւ դատախազների ատեստավորման գործընթացում, իսկ Արդարադատության ակադեմիան իրականացնում է դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը եւ դատախազների վերապատրաստումը: Փոխնախարարի համոզմամբ նման պայմաններում կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ: Նախատեսվում է սահմանել նաեւ հանձնաժողովի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման եւ դադարման կարգը:
Առաջարկվում է դատախազ նշանակելու սահմանափակումների, պաշտոնից ազատման հիմքերի ցանկից հանել քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով իրականացված չլինելու դրույթը՝ թողնելով միայն ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցված լինելու հիմքը:
Առաջարկվում է լրացումներ կատարել անմիջական վերադաս դատախազի կողմից ստորադաս դատախազի վարույթից գործը մեկ այլ դատախազի կամ իր վարույթ տեղափոխելու հիմքում? դրանց շարքում ներառելով երկու նոր հիմք՝ ստորադաս դատախազի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ նրա՝ ՀՀ դատախազության այլ ստորաբաժանում տեղափոխվելը:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն. այս մասին հայտնել է նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նախագիծը հանձնաժողովում մանրամասն քննարկվել է, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կիրականացվեն համապատասխան լրամշակումներ: Վլադիմիր Վարդանյանի խոսքով փոփոխությունները վերաբերում են առկա կարգավորումների հստակեցմանն ու ներքին հակասությունների վերացմանը:
Պատգամավորները հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում անդրադարձել են Արդարադատության ակադեմիայի ռեկտորին որակավորման հանձնաժողովի կազմից հանելուն, հանրային եւ պետական շահ եզրույթների հարաբերակցությանը, դատախազների առաջխաղացման ցուցակներին, պաշտոնից ազատման հիմքերին, դատական ակտերի վիճարկմանը եւ այլ հարցերի:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ համայնքային շահը հանրային շահի մաս է, պետական շահից դուրս է: Նա մտահոգություն է հայտնել նաեւ դատախազի կողմից դատական ակտերի վիճարկման հնարավորության մասով: Խմբակցության քարտուղարի գնահատմամբ բազմաթիվ են դեպքերը, երբ դատախազությունն անհարկի միջամտում է:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը հայտնելիս Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ՏԻՄ մարմիններում չարաշահումները շատ են, եւ քաղաքացիների դժգոհությունները հաճախ հենց այս մարմիններից է: «Տեղական մարմիններն անկախ են կենտրոնական մարմիններից, բայց պետությունից էլ են անկա՞խ: Ինչո՞ւ ենք առարկում, որ համայնքի բնակչությունը լրացուցիչ լծակ ունենա՝ պահանջելու դատախազությունից որոշակի միջոցների ձեռնարկելու»,- նման հարց է հնչեցրել պատգամավորը՝ անդրադառնալով որոշ մտահոգությունների:
Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն անդրադարձել է հնչած հարցերին եւ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: