Ալեքսեյ Սանդիկովը խոսել է ազգային փոքրամասնությանը ներկայացնող պատգամավորի առաքելությունից
Սահմանադրությամբ ամրագրված է, որ Ազգային ժողովում 4 տեղ հատկացվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, իսկ թե որ ազգերի համար` նշված չէ: Այդ կազմը սահմանում է Ընտրական օրենսգիրքը, որտեղ ասվում է` վերջին մարդահամարի տվյալներով չորս ամենամեծ համայնքների տեղերը տրվում են վերոնշյալ համայնքների ներկայացուցիչներին. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը փետրվարի 9-ին խորհրդարանում փորձաշրջան անցնող ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Պատգամավորը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես են բաշխվում պատգամավորական մանդատներն ԱԺ խմբակցությունների միջեւ, խոսել խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների գործունեությունից:
«Ազգային փոքրամասնությանը ներկայացնող պատգամավորի հիմնական առաքելությունն այն է, որ բարձրաձայնի իր համայնքի խնդիրները եւ ներկայացնի շահերը»,- ասել է ռուսական համայնքը ներկայացնող պատգամավորը:
Խոսելով խորհրդարանական դիվանագիտությունից` պատգամավորը ներկայացրել է այն միջազգային հարթակները, որտեղ բարձրաձայնվում են Հայաստանի խնդիրները:
Ուսանողները, մասնավորապես, հետաքրքրվել են հայ-ռուսական հարաբերություններով, երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության մանրամասներով:
Պատասխանելով հյուրերի հարցերին` պատգամավորն անդրադարձել է ՀԱՊԿ խորհրդարանական եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովների աշխատանքներին, դրանց անդամակցելու դրական եւ բացասական կողմերին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը, ռուս խաղաղապահների առաքելությանը, Հայաստանում ռուսերեն լեզվի ուսուցման մակարդակի բարձրացման անհրաժեշտությանը: