VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «
Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը երեկ հրավիրված արտահերթ նիստում հաստատեց ծրագիրը: Հոկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով: Եւ ի՞նչ է առաջարկում նոր կառավարությունը: Հանրահայտ փաստ է, որ Հայաստանում առաջնային խնդիրը կոռուպցիան է, որը պատել է պետական կառավարման ողջ համակարգը, գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություններին: Սակայն, ինչպես նախորդները, Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության համար եւս կոռուպցիան տասներորդ խնդիրների ցանկում է, իսկ ծրագրում կոռուպցիային վերաբերող ձեւակերպումները ավելի շատ կենաց են հիշեցնում: Մասնավորապես ծրագրում կարդում ենք. «Պետական համակարգի աշխատանքի առօրյայից պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտների՝ հովանավորչություն, յուրացումներ, կաշառակերություն ու կոռուպցիայի այլ դրսեւորումներ, վերացնելու համար առավելագույն ջանքերի գործադրում»: Իսկ ով է ասում, որ, օրինակ,
Հովիկ Աբրահամյանի կամ
Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունները բավարար «ջանք» չէին գործադրում: Լավ էլ ջանում էին, դրա արդյունքում էլ իրենց նշանակած իշխանական մեծամասնությունը տարեցտարի երկրի ողջ կապիտալը կուտակեց իր ձեռքում: Հենց այդ իշխանության շնորհիվ էլ Կարեն Կարապետյանը դարձավ ՀՀ վարչապետ: Ինչեւէ, վերջին օրերին լուրեր տարածվեցին, որ նոր կառավարությունը պատրաստվում է նվազեցնել գազի եւ էլէներգիայի սակագինը: Կառավարության ծրագրից տեղեկանում ենք, որ իրականում կառավարությունը պատրաստվում է «մինչեւ 2016 թվականի ավարտը բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումներ» ներդնել: Այլ կերպ ասած՝ եկող տարի հնարավոր է, որ ըստ սպառման ծավալների՝ գազի եւ էլէներգիայի սակագները տարբեր լինեն: Չհաստատվեցին նաեւ այն սպասումները, որ նոր կառավարությունը մաքսային ձեւակերպումներում պատրաստվում է «հսկիչ գներ» համակարգից հրաժարվել. այստեղ լուծումները միանշանակ չեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած քաղաքական դաշտում ակտիվ ներքին քննարկումներ են տեղի ունենում հնարավոր դաշինքների կամ միասնական ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, սակայն դեռեւս պաշտոնական հայտարարություններ չկան: ՀԺԿ նախագահ, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ
Ստեփան Դեմիրճյանից «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել, թե արդյոք իրենց կուսակցությունն արդեն որոշել է, թե գալիք ԱԺ ընտրություններին ինչ ձեւաչափով է մասնակցելու՝ դաշինքո՞վ, միայնա՞կ, թե՞ որեւէ կուսակցության ընտրացուցակով, եւ որ քաղաքական ուժի հետ է հնարավոր նման միավորումը: «Կարծում եմ՝ մինչեւ տարվա վերջ մենք այս հարցերին լուծում կտանք: Այսօր, անկեղծ ասած, չեմ կարող պատասխանել, բնականաբար կլինեն քննարկումներ հենց առաջին հերթին ՀԱԿ-ի հետ: Առհասարակ, գտնում եմ ճիշտը միավորման ճանապարհով գնալն է, պետք է այդ ջանքերը համատեղել եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ձեւավորվի արդյունավետ դաշինք»,- պատասխանեց ՀԺԿ նախագահը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վիկտոր Դալլաքյանի՝ աշխատանքից ազատվելը եւ կուսակցություն ստեղծելու քայլը նախագահականում շատ վատ են ընդունել: Դա պայմանավորված քայլ չէ՞ր նախագահի հետ՝ հարցրինք նախագահականի մեր աղբյուրին։ «Բացառեք, անհնար է, դուք, ինչ է, կարծում եք
Սեյրան Օհանյանի` այդ կառույցին «ինտեգրումը» կարող է դո՞ւր գալ որեւէ մեկին, էլ չեմ ասում՝ նախագահին»: Ի դեպ,
Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան «նեպրիյազնը» շատ ավելի վաղ է սկսվել, երբ, իմանալով Օհանյան ընտանիքի ֆեյսբուքյան ակտիվության մասին, Սերժ Սարգսյանը նկատողություն է արել, որին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ դա իր կնոջ անձնական գործն է: Երբ նախագահականից Օհանյանին առաջարկվել է հրաժարականի դիմում գրել, նա կատեգորիկ հրաժարվել է՝ ասելով. դո՛ւք հրաման տվեք, ես չեմ գրելու: Իսկ երբ առաջարկվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ասել է՝ ես չեմ կարող մի երիտասարդի ձեռքի տակ աշխատել: Դրանից հետո որեւէ առաջարկ նրան չեն արել»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
Աշոտ Մանուկյանի կենսագրությունում կա մի ուշագրավ հատված, որը, բնականաբար, բացակայում է նրա պաշտոնական կենսագրությունից։ Խոսքը վերաբերում է քրեական հետախուզմանը։ Մանուկյանը 2012-2013 թվականներին Վրաստանի իրավապահների հարուցած քրեական գործով անցել է որպես մեղադրյալ և մոտ մեկ տարի գտնվել է հետախուզման մեջ։ Ժամանակին նա եղել է վրացական «Թելասր» էներգետիկ ընկերության գլխավոր տնօրեն։ Քրեական գործը հարուցված է եղել կաշառակերության, փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրության և փաստաթղթերի կեղծմանն առնչվող հոդվածներով։ Գործով անցել են բազմաթիվ մեղադրյալներ և նրանց թվում նաև Աշոտ Մանուկյանը։ Վրացական մամուլը և ընդդիմությունը պնդում էր, որ այս քրեական գործն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ, և հիմնական թիրախները եղել են Վրաստանի Էներգետիկայի նախկին նախարար
Ալեքսանդր Խետագուրին և կառավարության նախկին անդամ
Նիկա Գվարամիան, որը հետագայում գլխավորում էր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։ Ամիսներ շարունակ տևած դատավարությանը ավարտվել է արդարացնող դատավճռով։ Արդարացվել է նաև Աշոտ Մանուկյանը։ Ըստ Մանուկյանի պաշտոնական կենսագրության՝ նա 2011-2015 թվականներին, այսինքն հետախուզման մեջ եղած ժամանակահատվածում եղել է «Հրազդանի Էներգետիկ կազմակերպության/ՀրազջԷկ» ԲԲԸ գլխավոր տնօրենը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստին որոշում կկայացնի «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 5 մլն դրամ տուգանելու մասին: Բանն այն է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս տարվա ապրիլի 13-ի որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն մինչեւ օգոստոսի 1-ը պետք է ավարտեր էլեկտրոնային առեւտրային հաշվիչների ժամային շեղումների շտկման գործընթացը: Եւ այս առիթով ՀԾԿՀ-ն օգոստոսի 2-ին դիմել է ընկերությանը եւ հետաքրքրվել գործընթացից: Սակայն ՀԷՑ-ը օգոստոսի 9-ին Հանձնաժողովին հայտնել է, որ չնայած կատարված աշխատանքներին, դեռեւս կան էլեկտրոնային առեւտրային հաշվիչներ, որոնց ժամային շեղումները տեխնիկական պատճառներով չեն շտկվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հանձնաժողովը սեպտեմբերի 6-ից ՀԷՑ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ Հանձնաժողովի ապրիլի 13-ի որոշման պահանջը խախտելու փաստի ուսումնասիրության նպատակով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիի եւ Վանաձորի ավագանիների ընտրությունների արդյունքները դեռ տարբեր ձեւաչափերով քննարկվում են ՀՀԿ-ում: Թեեւ ՀՀԿ երիտթեւը հպարտորեն հայտարարում է, որ առանց Հովիկ Աբրահամյանի հաղթանակ են բերել, այնուամենայնիվ, զուտ թվերի համեմատությամբ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ-ն գալիք ԱԺ ընտրություններում լուրջ խնդիրներ ունի: Ինչպես հայտնի է՝ Գյումրիում եւ Վանաձորում իշխանական ցուցակները ստացել են մոտ 15 հազարական քվե: Սա այն դեպքում, երբ 2012-ին Վանաձորում ՀՀԿ-ական քաղաքապետի թեկնածուն՝
Սամվել Դարբինյանը, ստացել էր 21 հազար 300 քվե, իսկ Գյումրիում իշխող կուսակցության աջակցությունը վայելող
Սամվել Բալասանյանը ստացել էր 27 հազար 500 քվե: Երկու քաղաքներում էլ իշխանական լծակների գործադրմամբ հնարավոր եղավ արդյունք ապահովել: Հավելենք, որ Գյումրիում «Բալասանյան» դաշինքի օգտին քվեարկածներից եւ անգամ նրանց շտաբի ներկայացուցիչներից շատերը ՀՀԿ-ի անունը լսել չեն ցանկանում եւ խուսափում էին ՀՀԿ անունից հանդես գալ: Ուստի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն Գյումրիում եւ Վանաձորում չի կարող լուրջ ակնկալիքներ չունենալ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ-ի ակտիվը ծրագրում է ՀԱՕԿ նախագահ եւ իրենց նախկին առաջնորդ
Գագիկ Ծառուկյանին «ազգովի խնդրելու» գործընթաց կազմակերպել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի քանի հազար ԲՀԿ-ականներ երթով գնալու են Ծառուկյանի մոտ եւ խնդրեն նրան` վերադառնալ քաղաքականություն: ԲՀԿ-ում հույս ունեն, որ դրանից հետո Գագիկ Ծառուկյանն առանց կաշկանդվելու կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀԱՕԿ նախագահի խոսնակ
Իվետա Տոնոյանից պարզել, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը տեղյակ է, որ ԲՀԿ-ականները նախաձեռնում են գնալ իր տուն եւ խնդրել վերադառնալ քաղաքականություն, ու եթե նման բան տեղի ունենա, ինքը ինչպես է արձագանքելու: «Անձամբ պարոն Ծառուկյանը ԲՀԿ նման նախաձեռնության մասին տեղեկատվություն չունի: Իսկ հարցի մնացած մասով կասեմ, որ սկզբունքորեն չեմ մեկնաբանում եթե-ապա հարցադրումները, կանխատեսումները ու հավանականության տեսությամբ համեմված տեղեկատվությունները»,- պատասխանեց Տոնոյանը»: