Կառավարության նոր ծրագրում` հին թիրախներ, սակայն ավելի կոնկրետ միջոցառումներ

Նախօրեին հրապարակվեց կառավարության ծրագիրը, որի գործունեությունը նախատեսված է առաջիկա 6-7 ամիսների համար՝ մինչ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները:

Ըստ դրանում տեղ գտած դրույթների՝ ծրագիրը կարելի է որակել հավակնոտ, քանզի այն նպատակ է հետապնդում հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել ՀՀ քաղաքացու՝ պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ։

Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հատուկ առանձնացնում էր կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացումը և հովանավորչության բացառումը պետական մակարդակում: Ծրագրում առանձնահատուկ թիրախավորվել են՝ հովանավորչությունը, յուրացումները, կաշառակերությունն ու կոռուպցիայի այլ դրսևորումները, որոնք պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտներն են որակվել: Ըստ այդմ, ամրագրված է այս ամենը վերացնելու համար առավելագույն ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ 3 և 6 ամիսների կտրվածքով:

Գործիքակազմում է այդ թվում նաև «ապօրինի հարստացման» քրեականացումը, որը պետք է մշակվի եռամսյա ժամկետում, իսկ ահա վեցամսյա ժամկետում դրա կիրառումն ապահովող գործուն կառուցակարգերը պետք է ներդրվեն: Ավելի հեռահար նպատակ է՝ մեկ տարվա ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար ավելի խիստ պատասխանատվություն նախատեսող օրենսդրության մշակումը՝ հաշվի առնելով առավել բարձր վտանգավորության աստիճանը։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հենց այս միջոցառումների իրականացումը առավել կարևորեց՝ ընդգծելով կարևորագույն շեշտադրումը, որ դրվել է ծրագրի հիմքում.

«Պետական ծառայողների համար պատասխանատվությունը պետք է լինի ավելի հստակ ու կոնկրետ, քաղաքացու շահը պետք է հաշվի առնվի առաջնային»:

Վեցամսյա ժամկետում կառավարությունը ամրագրել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայման միջոցով: Նաև՝ հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության կատարելագործում, գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակի օրենսդրորեն ընդլայնման և փոխկապակցված անձանց շրջանակի հստակեցմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Կիրականացվեն նաև շահերի բախման հայտարարագրման ինստիտուտի ներդրմանն ուղղված միջոցառումներ, ու թեև, Արփինե Հովհաննիսյանի խոսքով, այս բոլոր թիրախները նախորդ կառավարության ծրագրում ևս ամրագրված են եղել, սակայն առկա փաստաթղթում դրանք ավելի կոնկրետ միջոցառումներով են սահմանված:

Նշենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...