25.11.2024
Ադրբեջանական փորձագիտական դաշտը շտապում է Իրանը դարձնել «պատերազմական գոտի». կարծիք
prev Նախորդ նորություն

Ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում ՌԴ-ի կոշտ քննադատությանը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուսաստանի ԱԳՆ -ն հունվարի 26-ին արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական նոր առաքելություն տեղակայելու որոշմանը՝ հայտարարելով, որ ԵՄ առաքելությունը կարող է աշխարհաքաղաքական առճակատման հանգեցնել: Թեեւ հայ հասարակական եւ փորձագիտական շրջանակների կողմից այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ եւ շատ քննարկվեց, բայց Հայաստանի բարձրագույն իշխանությունը չի շտապում արձագանքել Ռուսաստանի այս հայտարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 27-ին գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի ԱԳՆ ռուսական կողմի այս հայտարարության հետ կապված որեւէ արձագանք ստանալու համար: Մեր հարցմանը ՀՀ ԱԳՆ-ից տվել են խուսափողական պատասխան, որում ասվում է. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ հայկական կողմը արդեն իսկ հանրայնորեն իր դիրքորոշումը ներկայացրել է»: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այս ընթացքում պարբերաբար կապ է հաստատել նաեւ ՔՊ-ական պատգամավորների հետ, սակայն նրանք կոչ էին անում սպասել ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքին: Եվ, ահա, օրեր անց միայն ՀՀ ԱԳՆ-ն նման կցկտուր արձագանք է տալիս, ընդ որում՝ եթե գրավոր հարցմամբ չդիմեինք, մեր ԱԳՆ-ն հավանաբար չէր էլ արձագանքի: Պարբերաբար բարձր ամբիոններից հակառուսական սուր հայտարարություններով հանդես եկող ՀՀ իշխանությունների այս լռությունն առնվազն տարօրինակ է եւ անհասկանալի:


«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ դատարանը Պատրոն Դավիթին` զենքի ներկրմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին, 2 ամսով կալանավորեց: Նախնական տեղեկություններով, մեղադրանքը վերաբերում է անպիտան հրթիռների քրգործին, որտեղ հիմնական մեղադրյալը Սեյրան Օհանյանն է, ում փորձելու են փետրվարի 7-ի ԱԺ նիստում զրկել անձեռնմխելիությունից: Հիշեցնենք, որ նա մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ «Դավիթ Տոնոյան եւ մյուսներ» գործով, որի դատաքննությունն ընթանում է առաջին ատյանում: Այդ գործի շրջանակներում Գալստյանին նույնպես կալանավորել էին` 2021 թ. սեպտեմբերին, իսկ 6 ամիս անց` 2022-ի մարտին, ազատ արձակեցին, որպեսզի զբաղվի զենքի ներկրմամբ: Մենք այն ժամանակ գրել էինք, որ այդ ընթացքում ՀՀ իշխանությունը չէր կարողանում զենք ներկրել Հայաստան, եւ Պատրոնին ազատել էին այդ պայմանով` որ զբաղվի այդ գործով: Եվ իսկապես` վերջինս ՊՆ-ի հայտարարած զենքի տենդերները շահեց ու սկսեց իր կապերն օգտագործել` Հայաստան զենք բերելու համար: Սակայն իրավիճակն օր-օրի փոխվում էր, եւ այդ տենդերները չեն իրագործվել: Թերեւս, ՀՀ իշխանությունն այլեւս զինվելու խնդիր չի դնում, այլ թշնամուն չզայրացնելու համար որոշել է ոչ միայն զենքի ներկրումից հրաժարվել, այլեւ Ալիեւի կողմից թշնամի հռչակված` զենք ներկրող Պատրոնին էլ բանտարկել, որ խաղաղության ցանկալի օրակարգն իրականություն դառնա:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին կալանավորելու ու նրա գործողությունների մասով ԱԱԾ բացահայտումների շղթան, չի բացառվում, հասնի մինչեւ ՊՆ գեներալների: Տեղեկացանք, որ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է ՊՆ պաշտոնյաների ներգրավվածությունը: Գրել էինք, որ Դավիթ Գալստյանը կալանավորվելու է, քանի որ ԱԱԾ-Ն բացահայտումներ է արել նրա ՍՊԸ-ի կողմից միլիարդների չարաշահումների մասով: Նշենք, որ 2022 թվականի հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը 523.089.000 ՀՀ դրամին համարժեք 1.083.000 ԱՄՆ դոլարի անորակ հրթիռներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ:


«Հրապարակ» թերթը գրում է. Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող «Յունիքորն Թրեյդ» ՍՊԸ-ն վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 1 մլն դրամ։ Ըստ մամուլում հրապարակված տվյալների (2017 թվականին այդ մասին գրել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»), այս ընկերությունը 100 տոկոս բաժնեմասով պատկանում է Արսենյանին։ Ըստ նույն հրապարակման՝ 50 տոկոս բաժնեմասով Արսենյանին են պատկանում նաեւ «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն» ընկերությունները։ Ինչ վերաբերում է «Յունիքորն Թրեյդ» ՍՊԸ-ին, ապա այն զբաղվում է «Ուինսթոն» ծխախոտի ներմուծմամբ եւ վաճառքով, ծխախոտի արտադրությամբ զբաղվող շվեյցարական «Ջփեն տոբակո ինթերնեշնլ» ընկերության բացառիկ ներմուծողն է։


 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունվարի 31-ին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Ջրային կոմիտե է այցելել, ու, ըստ կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, Փաշինյանը կոմիտե այցելել է կառույցի 2022-ի գործունեության հաշվետությունը քննարկելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ գտնվող աղբյուրները հուշում են, սակայն, որ նախարարություններ այցելելուց ու կատարողականին ծանոթանալուց հետո Փաշինյանն այժմ էլ որոշել է պետական բոլոր տեսակի (սկսած ամենափոքրից) գերատեսչություններով անցնել՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում դրանց ներսում: Գործադրի մեր աղբյուրները փոխանցում են՝ բանն այն է, որ Փաշինյանը մտադիր է գլխիվայր փոխել կառավարության բոլոր գերատեսչությունների ղեկավար-աշխատակիցներին, հետեւաբար որոշել է անձամբ շրջել ու հասկանալ, թե որտեղ ինչ է կատարվում: «Իսկ հասկանալու լավագույն ձեւը սեփական աչքով տեսնելն է, թե որ գերատեսչության ղեկավարը կամ աշխատակիցն իրեն ինչպես է դրսեւորում, պատրաստված է, թե ոչ, որտեղ է թերանում եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ՝ Փաշինյանը, որ, դեռեւս նախորդ տարեվերջից սկսած, նախարարություններ էր այցելում ու հաշվետվություններ լսում, մի շարք նախարարների անակնկալի է բերել՝ ասելով, որ վերջիններս իրեն ոչ թե արած աշխատանքները ներկայացնեն ու գլուխ գովեն, այլ խոսեն պլանավորած ու չիրականացրած աշխատանքներից: Չի բացառվում՝ առաջիկայում կառավարության ենթակայության տակ գտնվող ամենատարբեր օղակներում նոր տեղաշարժեր լինեն:


«Հրապարակ» թերթը գրում է. Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, կդադարեցվի «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը։ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը, ըստ որոշ տեղեկությունների, առավոտվանից ուժայինների հետ կայցելի տոնավաճառ, որպեսզի կազմակերպեն տոնավաճառի փակման գործընթացը։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն 500 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը․ Մալաթիայի հագուստի շուկայում 550 տաղավար է գործում։ ՔՀՏԱ տեսչական մարմինը տոնավաճառի գործունեությունը կասեցնելու որոշում է ընդունել, քանի որ տնտեսվարողը հակահրդեհային կանոնների արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ «Մալաթիա» տոնավաճառից հետո կփակվի «Գնունի» շինանյութի շուկան։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 15 զինվորներին կյանքից զրկելու գործով քննարկվում է սպայի հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով նախաքննական մարմինը քննարկում է սպայի մեղադրանքի եւ խափանման միջոցի հարցը: Նախաքննական մարմինը քննարկել է այն հարցը, որ նա դեռ բուժման մեջ է, սակայն վերոնշյալ հանգամանքը հաշվի առնվել է, եւ առաջիկայում սպայի մասով կոնկրետ քայլեր կիրականացվեն: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպան հարցաքննվել է, իսկ թե ինչ է նա պատմել իրավապահներին, կներկայացնենք առաջիկայում: Նշենք, որ 2023 թվականի հունվարի 25-ին որոշում էր կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), եւ հունվարի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն կալանավորվեց:


«Հրապարակ» թերթը գրում է. Նախօրեին ՔՊ խմբակցության դռնփակ նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաեւ իշխանական պատգամավորների կարգապահական հարցերը։ ՔՊ ղեկավարությունը դժգոհություն է հայտնել, որ խորհրդարանն օրենսդիրների համար վերածվել է ժամանցի վայրի․ երբ ուզում են` գալիս են նիստերին, երբ չեն ուզում՝ չեն գալիս, հորդորել են պատշաճ ներկայություն ապահովել, հակառակ պարագայում` հիմնավորել բացակայությունները, առավել զգույշ լինել հրապարակային հայտարարություններում, քանի որ հանրային դժգոհությունները գնալով աճում են, ու ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է մեծ կրքեր բորբոքել։ Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը եւ ՔՊ-ի դիրքորոշմանը, խմբակցության մեր աղբյուրներն ասում են, որ հարցին չեն անդրադարձել եւ հրահանգ էլ չեն ստացել: Այդ մասին` հաջորդ դասին։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի միջնորդությունը կքննվի փետրվարի 7-ին մեկնարկող նիստերի ընթացքում։ Ի դեպ, վստահեցնում են, որ չեն քննարկել նաեւ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի հարցը, մինչդեռ թեկնածություն ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 2-ն է։ Ընդդիմությունը, ըստ ամենայնի, թեկնածու չի ներկայացնի, իսկ ՔՊ-ում կարծես մտքափոխվել են սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանին առաջադրելու հարցում։ Անսպասելի ու անհայտ մեկին են փնտրում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը շուրջ մեկ տարի է՝ մատնված է անգործության։ Ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ներկայանում է աշխատանքի, նստում համակարգչի առջեւ, ծանոթանում նորություններին, սրճում եւ հեռանում կամ լավագույն դեպքում ցուցանիշ ապահովելու համար իմիտացիա է անում: Այդ կառույցի լիազորությունների մեջ է մտնում ընդերքի վերահսկողությունը, բայց հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող եւ զննող մասնագետ չկա վերահսկողական այդ կառույցում։ Տեսչական մարմնի կանոնադրության մեջ ամրագրված է ընդերքօգտագործում եւ ընդերքի պահպանություն իրականացնելը որպես գլխավոր գործառույթ։ Գործառույթներում նշված է նաեւ. «Տեսչական մարմինն իր նպատակն ու խնդիրներն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում՝ կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի ոլորտներում»։


Օրաթերթը տեղեկացավ, որ բոլոր մասնագետները վերջին մեկ տարում կա՛մ հեռացել են, կա՛մ տարբեր հանգամանքներում հեռացվել են աշխատանքից։ Այսօրվա դրությամբ տեսչական մարմինը փաստացի պարապուրդի է մատնված, եւ արդեն մեկ տարի է՝ Հայաստանում ոչ մի հանքավայրի գործունեություն չի ստուգվում: Տեսչական մարմնի երկու կարեւորագույն բաժիններում (Ընդերքի վերահսկողության վարչություն եւ Հանքային ջրերի եւ երկրաբանական ուսումնասիրությունների վերահսկողության բաժին) մասնագետներ չկան, իսկ եղած 1-2 աշխատակիցներն էլ մանկավարժ են կամ «ֆիզկուլտուրնիկ», որոնք հանքի եւ հողի շերտերի մասնագիտական գիտելիքներ չունեն։ Սա ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի բացն է. նա է համակարգում տեսչական մարմինների գործառույթը, զբաղվում կադրային հարցերով: Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ նշում էր. «Ուզենք, թե չուզենք, հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում»։ Այս ոլորտը ստուգող մասնագետներ, սակայն, չկան պետական տեսչական մարմնում: Հիշեցնենք, որ վերջին աղմկահարույց ստուգումը եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որից հետո Վահե Հակոբյանն իր մասնաբաժինը կորցրեց այնտեղ, հետո էլ ստիպված եղավ պատգամավորական մանդատից հրաժարվել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի շարք փոփոխություններ եւ լրացումներ են կատարվելու։ Օրինակ՝ դիակից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու թույլտվության պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 400 հազար դրամից 1 մլն դրամի չափով, դեղատներում սպառողին վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելը եւ հետ վերցնելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ 20.000 դրամից 30.000 դրամի չափով: Նշենք, որ գործատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետում աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքի առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելու կամ դժբախտ դեպքը չհաշվառելու դեպքում տուգանքի չափը կկազմի 50 հազար դրամից մինչեւ 130 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՎԻՎ օրենսգրքում այս լրացումները կատարելու վերաբերյալ առաջարկի հեղինակը վարչապետի աշխատակազմն է։ Բանն այն է, որ առողջապահության բնագավառում «Հոգեբուժական օգնության մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին», «Գովազդի մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին», «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքներով նախատեսված են պահանջներ, որոնք խախտելու համար օրենսգրքում նախատեսված չեն պատասխանատվության միջոցներ: