25.11.2024
Արարատ Միրզոյանը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
prev Նախորդ նորություն

Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրենն այցելել է Կապան

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հունվարի 19-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ, դոկտոր Մաջիդ Քիանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կապան այցելելու համար և կարևորել հայ-իրանական դարավոր հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման անհրաժեշտությունը, և այդ համատեքստում ընդգծել «Արաս» ազատ տնտեսական գոտու առկայությունը երկու երկրների սահմանակից շրջանների տնտեսական զարգացման գործում։


Զրույցի ընթացքում, ի թիվս այլ ոլորտների, Գ․ Փարսյանը հատկապես հեռանկարային է համարել առևտրատնտեսական հարաբերությունների և տուրիզմի ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող ուղղություններ են։

Համայնքի ղեկավարը ցանկություն է հայտնել անձամբ այցելելու ԻԻՀ, «Արաս» ազատ տնտեսական գոտու տարածք՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և Կապանի գործարար շրջանակներին ներկայացնելու համար։

Դոկտոր Մաջիդ Քիանին իր հերթին շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին ջերմ ընդունելության համար, տեսահոլովակի միջոցով ներկայացրել «Արաս» ազատ տնտեսական գոտու հնարավորություններն ու կարողությունները, և փորձելով հասկանալ համայնքի պոտենցիալը՝ քննարկել հետագա համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես տնտեսական և առևտրային ոլորտներում։

Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների և ապրանքաշրջանառության ոլորտում չիրացված մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է հետևողական աշխատանքով, նոր ծրագրերով խթանել ու զարգացնել տնտեսական համագործակցությունը: