24.11.2024
Արցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսհաստատություններ հաճախելու հնարավորությունից. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Միջազգային հանրության անգործությունն անընդունելի է. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը Արցախի՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ.

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա։

2022 թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել են Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը։

Արդյունքում հանրապետությունում օրեցօր սրվում է առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, պարենի և վառելիքի պակասը։ Շրջափակման կործանարար ազդեցությունը խորացնելու նպատակով Ադրբեջանը փակել էր իր կողմից օկուպացված տարածքներով Հայաստանից Արցախ հասնող գազի մատակարարումը։ Հետագայում գազամատակարարումը վերականգնվել է, սակայն 2023 թ․ հունվարի 9-ին դադարեցվել է Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի վթարի պատճառով, որը ևս անցնում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքով։ Մինչ այսօր Ադրբեջանը միտումնավոր խոչընդոտում է վթարավերականգնողական աշխատանքները, ինչը վկայում է նրա քայլերի կանխամտածվածության մասին։ Այսպիսով, Ադրբեջանի գործողությունները 120 000 բնակչություն ունեցող Արցախը կանգնեցրել են հումանիտար աղետի շեմին։

Արցախի շրջափակումը 2020 թ․ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ուղղակի շարունակությունն է։ Չկարողանալով Արցախի ժողովրդին իր հայրենիքից վտարել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը զինադադարի հաստատումից ի վեր, ավելի քան երկու տարի, հետևողական փորձեր է ձեռնարկում քիչ ակնհայտ, բայց ոչ պակաս անմարդկային մեթոդներով իր հանցավոր նպատակներին հասնելու համար։

Ադրբեջանի ձեռնարկած քայլերի ամբողջությունը և նրա բարձրագույն ղեկավարության՝ Բաքվի իրական մտադրությունները բացահայտող պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ Արցախի Հանրապետության շրջափակումը Ադրբեջանի քաղաքականության հերթական գործիքն է՝ ուղղված Արցախի ժողովրդի ոչնչացմանը։ Միտումնավոր ստեղծելով անտանելի կենսապայմաններ՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում խարխլել Արցախի ժողովրդի ընդհանրությունն ու ամբողջությունը՝ պարտադրելով օտարացում իր պատմական հայրենիքից և հրաժարում սեփական հավաքական իրավունքների իրացումից։ Ադրբեջանի գործողությունները, անկասկած, նրա ցեղասպան քաղաքականության շարունակությունն են։

Կոչ ենք անում պետություններին, որոնք գործում են և՛ անհատապես, և՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անհապաղ կանխարգելելու ցեղասպան գործողությունները, որոնք Ադրբեջանը համակարգված կերպով իրականացնում է Արցախի ժողովրդի դեմ՝ բացարձակ անպատժելիության մթնոլորտում։

Միջազգային հանրությունն ունի անհրաժեշտ գործիքակազմը և իրավական բոլոր հիմքերը՝ միջամտելու Արցախում ստեղծված և օրեցօր վատթարացող իրավիճակին։ Վերահաս աղետի համատեքստում միջազգային հանրության անգործությունն անընդունելի է, այդ թվում նաև այն պատճառով, որ դա Ադրբեջանի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես իրենց հանցավոր գործողությունների լուռ խրախուսում։