Բաքվի հայտարարությունները միայն հաստատում են Արցախի շրջափակման փաստը. Ռուբեն Վարդանյան
Արցախի շրջափակման այս ամիսը բազմաթիվ խնդիրներ առաջացրեց՝ սկսած սննդի ու դեղորայքի պակասից, վերջացրած կրթության ոլորտում խնդիրներով և երեխաների ու ծնողների բաժանման բազմաթիվ դեպքերով։ Այս մասին այսօր «Մեկ ամիս շրջափակման մեջ․ հումանիտար ճգնաժամ» տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա նշեց, որ Արցախում ճգնաժամի բռնկման ֆոնին ադրբեջանական կողմը պնդում է, որ իրականում խնդիրներ չկան, և Արցախ մեքենաներ են մտնում։ «Նրանց հաշվարկներով՝ այս ընթացքում մոտ 400 մեքենա է մտել Արցախ, սակայն նույն այս հաշվարկները հաստատում են Արցախի շրջափակման փաստը, քանի որ մինչև դեկտեմբերի 12-ը օրական երկու անգամ ավելի շատ մեքենա է մտել Արցախ»,- ասաց նա։
Այդուհանդերձ, Վարդանյանն ընդգծեց, որ Արցախում կա ընդհանուր ըմբռնում այս պայքարի կարևորության վերաբերյալ, գիտակցում են, որ սա պարզապես պայքար չէ շրջափակման դեմ, այլ պայքար է իրենց հողի վրա, իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար, ապրելու իրենց օրենքներով ու արժեքներով։
«Մենք չպետք է ենթարկվենք ուրիշների պայմաններին»,- ասաց նա։
«Չնայած ծանր իրավիճակին, մենք զգում ենք մարդկանց միասնությունը։ Եթե խոսում ենք հիվանդ մարդկանց կամ բաժանված ընտանիքների մասին՝ այո, դրանք խնդիրներ են, բայց մեզ ավելի են համախմբել։ Մենք տեսանք, որ այս խնդիրները հաղթահարելու ոգին ու ցանկությունն է արթնացել։ Դեկտեմբերի 25-ի հանրահավաքը, ինչպես նաև հանդիպումները մարզերում ցույց տվեցին, որ ժողովուրդը պատրաստ է կանգնել մեր կողքին և դիմանալ այս ամենին»,- ասաց Վարդանյանը։