24.11.2024
Երևանում ՀԱՊԿ-ի առաջնորդներն ուշադրությունը կսևեռեն ահաբեկչության դեմ պայքարի վրա
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14¬-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: Այս մասին «Արմենպրես»¬-ին տեղեկացրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Սա բավական լուրջ հաջողություն է, զգալի աշխատանք է կատարվել մեր կողմից: Չմոռանանք, որ թուրքերը լուրջ լոբբինգ կատարեցին, բայց Սենատը քվեարկեց այն տարբերակի օգտին, որը քվեարկվել էր ամռանը Ազգային ժողովում: Դա նշանակում է, որ Ֆրանսիայի խորհրդարանը վերջնական ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը»,¬-ասել է Մուրադ Փափազյանը:

Նրա խոսքով, հավանաբար թուրքերը կգտնեն 60 պատգամավոր, որոնք կաջակցեն և հարցը կներկայացվի Սահմանադրական դատարան: Դա նշանակում է, որ այնտեղ ևս կարող է քննարկվել:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: Եղան պատգամավորներ, որոնք կարծում էին, որ ընդհանուր օրենքից պետք է բեկանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն հայկական համայնքն աշխատանք տարավ, և հասավ նրան, որ Սենատի քննարկմանը ներկայացվի նաև այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր Ստորին պալատում: Այն է` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը ներառված: