Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու` ադրբեջանցիների կողմից փակման պատճառով Արցախի դեղատներում որոշ տեսակի դեղամիջոցների եւ մանկական կերերի անհրաժեշտությունն ավելի է զգացվում։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մայրաքաղաքում գործող «Գեդեոն Ռիխտեր» դեղատների ցանցի դեղագետ Շուշան Նազարեթյանն ասել է, որ այս պահի դրությամբ կաթնախառնուրդների, մանկական տակդիրների ու հակաբիոտիկների մեծ պահանջարկ կա։
«Մինչև 6-7 տարեկան երեխաների համար պետք են հեղուկ հակաբիոտիկներ` ի հայտ եկող ինֆեկցիոն պրոցեսները կանխարգելելու համար, իսկ հեղուկ հակաբիոտիկներ ընդհանրապես չկան։
Նույն տարիքային խմբի երեխաների համար չկան նաև ջերմիջեցնող դեղեր։
Փոխարինող դեղամիջոցներով մեկ-երկու շաբաթ կարողացել ենք խնդրին լուծում տալ, բայց դրանք էլ են արդեն սպառվել»,-ներկայացրել է մեր զրուցակիցը։
Նրա հավաստմամբ՝ ցանցում չկան նաև շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցներ, ինսուլինի ներարկիչներ։ Եվ եթե այս իրավիճակը պահպանվի ևս մեկ շաբաթ, ապա դեղատունը լրիվությամբ կդատարկվի։
«Լի Ֆարմա» դեղատան դեղագետ Լիլիթ Բարսեղյանի խոսքով՝ քաղաքացիների շրջանում մեծ է ջերմիջեցնող ու զարկերակային ճնշումը կարգավորող դեղերի պահանջարկը։
«Հակաբիոտիկների քանակը նույնպես խիստ սահմանափակ է։
Շրջափակումից հետո երեք անգամ ստացել ենք երեխաների համար նախատեսված ջերմիջեցնողներ, շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցներ։
Ստացել ենք նաև սահմանափակ քանակությամբ մանկական կերեր. դրանք էլ արդեն վերջանում են։ Հուսանք` մոտ օրերս համալրում կունենանք, ինչի համար շատ շնորհակալ կլինենք»,-ասել է Լ. Բարսեղյանը՝ ընդգծելով` դեղամիջոցները վաճառվում են նախկին գներով։
Ստեփանակերտում գործող «Էլեն» դեղատան սեփականատեր, դեղագետ Էլեոնորա Գրիգորյանի խոսքով` շուրջ 40 տարվա ընթացքում նման իրավիճակում չէին հայտնվել։
«Դեղատունը գրեթե դատարկ է։ Քաղաքացիների մեծ մասն էլ առաջին անհրաժեշտության դեղորայքի կարիք ունի։ Գնային որևէ փոփոխություն չկա։ Շատ հաճախ, հանգամանքներով պայմանավորված, բնակիչներին նույնիսկ անվճար ենք տրամադրում եղած դեղորայքը»,-հավելել է մեր զրուցակիցը։