ԵՄ երկրները և ԱՄՆ-ն մտադիր չեն օգնել հայկական կողմին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Այս իրավիճակում հայտարարությունները, թե Հայաստանը ինչ-որ բան չի անելու ՀԱՊԿ-ի հետ կապված, ոչ մի կերպ չեն ուժեղացնում Հայաստանին։ Բայց դրանք միայն վկայում են այն մասին, որ Փաշինյանի իշխանությունը գնում է իր դաշնակցին փոխելու ճանապարհով՝ ցանկանալով Արևմուտքին ներգրավել տարածաշրջան։ Այն հույսով, որ Արևմուտքը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կօգնեն գլուխ հանել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարցերից։ Բայց նրանք երբեք չեն արել, և չեն էլ անի, վստահ եմ: Որովհետեւ նրանց, հատկապես ԱՄՆ-ի համար ամենակարեւորը Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելն է։ Մնացած ամեն ինչը` հայ բնակչության ու Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, նրանց քիչ է հետաքրքրում»:
Արևմտյան երկրների կարծիքի վրա կարող է ազդել հայկական սփյուռքը, որը պայքարում է Լեռնային Ղարաբաղի անկախության համար, կարծում է պատգամավորը։ Սակայն նրանց հնարավորությունները սահմանափակ են, հավելել է Զատուլինը։
«Դրա պատճառով այն ամենը, ինչ կատարվում է հիմա, Փաշինյանի իշխանության մանևրներն են, որը վերջին վեց ամիսների ընթացքում անկեղծորեն աշխատում է իր դաշնակիցներին փոխելու ուղղությամբ։ Ռուսաստանի փոխարեն՝ Արևմուտք, իսկ այն, որ այս հայտարարությունները հնչել են միաժամանակ, խոսում է այն մասին, որ ինչ խաղ են խաղում Հայաստանի իշխանությունները։ Նրանք մի կողմից հայտարարում են, որ ցանկանում են ընդունել ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական տարբերակը, էլ չասած, թե որ տարբերակը։ Իսկ մյուս կողմից՝ միաժամանակ խոսում են ՀԱՊԿ-ում ակտիվ մասնակցություն չունենալու մասին՝ քաջ գիտակցելով, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի կողմից ստեղծված դաշինք է»։
VERELQ-ը հիշեցնում է, որ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը նպատակահարմար չի համարում այս տարի իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելը։
Կրեմլը զուսպ է արձագանքել ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման Հայաստանի մերժմանը։ «Մենք կհստակեցնենք, սա մեր մերձավոր դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը»,- հակիրճ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Ավելի ուշ ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը քննարկում է 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու առաջարկները ոչ թե Հայաստանում, այլ կազմակերպության անդամ այլ երկրների տարածքում։
Նա նշեց, որ միացյալ շտաբին տեղեկացրել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից 2023 թվականին Հայաստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ վարժանքների անցկացման աննպատակահարմարության մասին։