Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով:
Ուղերձում ասված է.
«Հարգելի Սադիր Նուրգոժոևի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։
Անցած երեք տասնամյակի ընթացքում Հայաստանն ու Ղրղզստանը բոլոր ուղղություններով արդյունավետ փոխշահավետ համագործակցության նշանակալի փորձ են կուտակել, կառուցողական փոխգործակցություն է հաստատվել միջազգային միավորումների շրջանակում, վերջերս տեղի ունեցավ տնտեuական համագործակցության հարցերով հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը։
Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամության և փոխադարձ հարգանքի հարաբերությունները, ինչպես նաև միջպետական ակտիվ երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը այսուհետ ևս կնպաստեն երկկողմ օրակարգի հետևողական ամրապնդմանը և ընդլայնմանը` ի շահ Հայաստանի և Ղրղզստանի ժողովուրդների։
Հարգելի Սադիր Նուրգոժոևի,
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և բարօրություն, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարություն և բարգավաճում»։
Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովն իր հերթին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով, որում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ ղրղզա-հայկական հարաբերությունների համար նշանակալի հոբելյանի՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։
Ղրղզական Հանրապետությունը կարևորում է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը, որը հիմնված է մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բազմադարյա բարեկամական հարաբերությունների վրա։
Ուրախալի է նշել, որ ղրղզա-հայկական փոխհարաբերությունները տարիների ընթացքում զարգանում են լիարժեք փոխըմբռնման և վստահության հիման վրա, մեր պետությունների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, ձևավորվել է իրավապայմանագրային անհրաժեշտ հիմք՝ ընդգրկելով միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական միջազգային պայմանագրեր, միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հարթակներում իրականացվում է բազմակողմ ձևաչափով կառուցողական համագործակցություն։
Միաժամանակ մեզ անհրաժեշտ է ձգտել համագործակցության նոր և ավելի կատարյալ ձևերի բացահայտմանը, որոնք ղրղզա-հայկական հարաբերությունների ներկայիս ներուժը կբարձրացնեն որակապես նոր մակարդակի։
Այս համատեքստում կարևոր և արդիական եմ համարում ղրղզա-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի՝ 2022թ․ նոյեմբերի 4-ին անցկացումը։ Համոզված եմ, որ տվյալ միջոցառումը լուրջ ազդակ կհանդիսանա առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և մեր երկրների միջև գործարար, գիտական և մշակութային կապերի ամրապնդման համար։
Հուսով եմ ակտիվորեն շարունակել փոխգործակցությունը Ձեզ հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության բոլոր ուղղություններով՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների շահերի ու բարգավաճման։
Հարգելի Նիկոլ Վովայի,
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պետական պատասխանատու գործունեությունում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: