Գարեգին Երկրորդը Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցում Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Տեղի կունենա նաեւ Ջրօրհնեքի կարգ:
Պատարագին, ինչպես նախորդ երկու տարում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ․ չեն մասնակցում նաեւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները, news.am-ը:
Մարդիկ այսօր միմյանց ողջունում են հետեւյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»:
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնյաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում եւ օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ եւ օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:
Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:
Ըստ հայ առաքելական եկեղեցու՝ ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվեց Հորդանան գետում:
Հայ առաքելական եկեղեցում տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից` 17.00-ից հետո: Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին առաջնորդեց դեպի Հիսուս: Ճրագալույցին վառվում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եկեղեցի եկած մարդկանց վառվող մոմեր են բաժանվում, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ:
Սուրբ Ծննդից առաջ մեկշաբաթյա պահքը լուծվում է այդ Ծննդյան պատարագով: Եկեղեցուց տուն բերված մոմերը վառում են ընթրիքի ժամանակ: Տոնական սեղանին դրվում է ձուկ: