29.11.2024
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը
prev Նախորդ նորություն

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել ՀՀ ոստիկանութուն

Շարունակվում են ոստիկանության մարզային վարչությունների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ, որոնց արդյունքում Գեղարքունիքի մարզային վարչությունում կամավոր հանձնել են «Կալաշնիկով» ինքնաձիգ և պահունակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:


««Կալաշնիկով» ինքնաձիգի, «ՄՈՒ 7502» ինքնաձիգի և 7,62 մմ տրամաչափի 29 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Գավառի բաժնում։


Ճամբարակի բաժնում էլ կամավոր հանձնել են որսորդական ողորկափող հրացան, պայթուցիչով «Ֆ-1» տեսակի նռնակ, 2 հատ 12,7 մմ ԴՇԿ, տրոտիլ պայթուցիկ, կարաբինի 7,62 մմ տրամաչափի՝ 10, և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 31 փամփուշտներ։


Արդյունավետ էր նաև Սևանի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքը. կամավոր հանձնել են առանց գործարանային համարի ատրճանակ՝ փամփշտատուփով և ՏՕԶ տեսակի 5,6 մմ տրամաչափի 5 փամփուշտ։


Ոստիկանության Վարդենիսի բաժնում էլ արձանագրվել են «Կալաշնիկով» ինքնաձիգի, 2 փամփշտատուփի և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։


ՀՀ ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։