25.11.2024
ՀՀ իշխանություններն իրողություններին դիմադրելու ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ հնարավորություն
prev Նախորդ նորություն

ՀՀ տարբեր ոլորտներում հաջողության հասնելը տեսանելի հեռանկարում չի նշմարվում. Բոստանջյան

Անցնող տարին բարդ էր, ծանր, տեղ-տեղ՝ ողբերգական. սա է ՀՀ վերջին տարիների պատկերը, որը մի շարք գործոնների հետևանք է: Եվ տնտեսությությունն ու տնտեսական վիճակը ևս ազդում է ընդհանուր համայնապատկերի վրա:


Ինչպիսի՞ն էր տնտեսական տարին՝ VERELQ-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:


Վերջինս հիշեցրեց, որ 2021 թվականի Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը գնահատելիս իր կողմից նշվել էր, որ պետական կառավարման, անվտանգության, պաշտպանության, արտաքին քաղաքականության, տնտեսության և սոցիալական ապահովվածության ոլորտներում հաջողությունն, ինչպես նաև տեսանելի հեռանկարում դրան հասնելու հնարավորությունը բացակայում է։ 2022 թվականի համար այդ գնահատականը մնացել է գրեթե անփոփոխ։


"Տարվա ընթացքում թերևս ցցուն փոփոխություն պետք է համարել այն, որ մեզանից անկախ հանգամանքների բերումով՝ հանրապետություն մուտք գործեց դրամական միջոցների լուրջ զանգված, ինչը, փաստորեն, դարձավ այսպես կոչված տնտեսական աճի հիմնական խթան։ Այս հանգամանքով պայմանավորված Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ իշխանական պատգամավորներն այն հերթական անգամ դասեցին աննախադեպ իրադարձությունների շարքին, մասնավորապես՝ նշելով, որ այս բյուջեն մինչև օրս ներկայացվածներից ամենամեծն է, որի ծախսային մասը կազմում է 2,59 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6,4 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, ընդդիմադիր թևից նշեցին, որ բյուջեի հիմքում պրիմիտիվ ճշմարտություններ ու մանիպուլյացիաներ են, այն հակասոցիալական է, խոցելի խմբում գտնվող մարդկանց կյանքն էլ ավելի է վատթարանալու",- ասաց նա:

Ընդհանուր առմամբ, շարունակեց տնտեսագետը, այո, անցած երեսուն տարիների ներկայացված է թերևս ամենամեծ բյուջեն, դա համապատասխանում է իրականությանը: Բայց դա բացարձակապես չի նշանակում, որ սա պետական արդյունավետ կառավարման արդյունք է: Պարզապես տարիների ընթացքում կարող է գրանցվել աճ պարտավորությունների կատարման առումով, ստվերային տնտեսությունը կարող է որոշակիորեն կրճատվել, տարբեր բնույթի գործունեությունների շրջանակները կարող են ընդլայնվել և այլն, այս բոլորով պայմանավորված, բնականաբար, բյուջեի մուտքերն ավելանում են.


"Միշտ այդպես է եղել: Յուրաքանչյուր հաջորդ տարի ունեցել ենք ավելի շատ եկամուտներ, քան նախորդ տարի: Սակայն սա դեռևս չի նշանակում արդյունավետ գործունեություն կամ պետական կառավարում",- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է ծավալային առումով եկամուտների ավելացմանը, ինչի մասին իրար հերթ չտալով բարձրաձայնում են պաշտոնյաները, դա ևս ունի իր հստակ բացատրությունը: Ըստ Վարդան Բոստանջյանի, ստացվել է այնպես, որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով, զգալի մասնավոր տրանսֆերտների և աշխարհում տեղի ունեցող իրարամերժ զարգացումների պայմաններում փոքր Հայաստան մուտք են գործել այնպիսի լուրջ դրամական հոսքեր, որոնցով պայմանավորված գրանցել է քվազի՝ թվացյալ աշխուժություն։

«Նման իրավիճակում խիստ տարօրինակ են բյուջեի «հասցեին» հնչող հիացական խոսքերն այն դեպքում, երբ մեր երկրի համար կարևորագույն՝ գյուղատնտեսության և արդյունաբերության, այն է՝ բարիք ստեղծող ոլորտներում որևէ առաջընթաց չունենք, եթե չխոսենք ոլորտներում արձանագրվող հետընթացի մասին: Ունենք մեծ գնաճ, թանկ փողեր, առնվազն խոցելի իրավիճակ: Հսկայական չափերի հասնող գնաճը տարբեր գնահատականներով կարող է էլ ավելի մեծանալ, ի հակադրում սրա՝ գրեթե չունենք աշխատավարձերի, կենսաթոշակների ու նպաստների բարձրացում, փոխարժեքների տատանումները չեն մեղմվում՝ մեծ վնասներ հասցնելով արտահանող ընկերություններին":

Բացի այս, շուկայական հարաբերությունների ձևավորման անցած ժամանակահատվածը Հայաստանում ուղեկցվեց եկամուտների ոչ արդյունավետ բաշխվածությամբ։ Իշխանափոխությամբ եկամուտների բևեռացվածությունն ավելի մեծացավ, ինչն, ընդհանուր առմամբ, դարձավ սոցիալական խնդիրների լուծմանը և տնտեսական առաջընթացի ապահովմանը հակազդող գործոն։

"Գնային ճնշումները, որոնք հիմնականում կարող էին պայմանավորված լինել համավարակի դեմ պայքարի անարդյունավետությամբ, պատերազմի նորանոր հետևանքների բացահայմամբ, եկամուտների բաշխման խիստ բևեռացվածությամբ և սոցիալական ու շուկայական այլ գործոններով, ուժեղացան հատկապես 2022 թվականի ընթացքում առաջին անհրաժեշտության պարենամթերքի գների կտրուկ թանկացմամբ։ Նման պայմաններում խիստ մեծացել է այն մարդկանց թիվը, որոնք ոչ միայն ի վիճակի չեն բավարարել իրենց կենսաապահովման տարրական պահանջմունքներն, այլև ձեռք բերել ֆիզիոլոգիական ապահովության նվազագույն պարենամթերք",- ասաց մեր տնտեսագետը։

Տնտեսության ծանր վիճակի մասին է խոսում նաև հանրապետության պետական պարտքը։ Այն նախատեսվում է հաջորդ բյուջետային տարում ավելացնել ևս մեկ մլրդ դոլարով, քանի որ 2022 թվականին 600 միլիոնից ավելի ուղղվելու է նախկինում կուտակված պարտքերի մայր գումարների վերադարձմանն, իսկ 450-ը՝ տոկոսների վճարմանը։ Բյուջեից նման ծախսերի կատարումն առանց նոր պարտքի ներգրավվման նշանակում է կենսական, առաջնահերթ ու կարևոր բազմաթիվ ծախսերի բացառում կամ, լավագույն դեպքում, դրանց խիստ կրճատում։ Փաստորեն, նոր պարտքերը հետապնդում են նախկին պարտքերը մարելու նպատակ, սակայն հայտնի է, որ արդյունավետ պետական կառավարման համակարգերում պարտքը ուղղվում է տնտեսության կառուցվածքի արդիականացմանը, գործունեության ժամանակակից ուղղությունների ստեղծմանը, նոր տեխնոլոգիաների զարգացմանը․․․  այլ ոչ թե բազմամիլիոնանոց սպասարկվող մեքենաների ձեռքբերմանը, անիմաստ գործողումների կազմակերպմանը, եկամուտների բաշխվածության բևեռացվածության խորացմանը, պարգևավճարների տրամադրմանը, առանձնասենյակների թանկարժեք կահավորմանը, ինչպես նաև պետության հաշվին այլ ճոխությունների ապահովմանը։

՞Այս ֆոնի վրա շատ ցցուն է աղքատության ցուցանիշը, որը մեր երկրում շարունակում է խորանալ։ Հատկանշական է այն փաստը, որ այդ ցուցանիշով աղքատների քանակը նկատելիորեն գերազանցել է մինչև իշխանափոխություն գրանցված մեծությունը։ Ակնհայտ է, որ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը և կենսաթոշակների չնչին ավելացումը ներկա բարձր գնաճի պայմաններում ոչ միայն ունի զրոյական նշանակություն, այլև ավելի է վաթթարացնում սոցիալական խոցելի խավի վիճակը",- նշում է Վարդան Բոստանջյանը։

Գնային ճնշումները մեղմելու նպատակով Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է ևս՝ հասցնելով այն 10,5 տոկոսի։ Սա նշանակում է փողի թանկացում, ինչն ունի էական բացասական ազդեցություն տնտեսության վրա։ Ակնհայտ է որ Կենտրոնական բանկը ստիպված է դիմում նման քայլերի, քանի որ գների և ֆինանսական շուկայում կայունության ապահովման խնդիրները օրենքով դրված են նրա վրա։ Միևնույն ժամանակ, շարունակեց նա, Կենտրոնական բանկն իր տրամադրության տակ ունեցած գործիքակազմով ի զորու չէ իրականացնել անհնարինը։ Որքան էլ Կենտրոնական բանկն իր հիմնական գործունեությունն ուղղի օրենքով սահմանված նպատակների կատարմանը, ակնհայտ է, որ այդ գործում չափազանց մեծ պետք է լինի կառավարության դերը.


"Սակայն վերջինս, կարծես, չգիտի այդ մասին, ավելին՝ արհեստավարժության և նրա կողմից համակարգված ու արդյունավետ տնտեսական քաղաքականության բացակայության պայմաններում հանրապետության դրամային իշխանությունները, իմ համոզմամբ, անում են առավելագույնը։ Մինչև օրս Կենտրոնական բանկին դժվարությամբ հաջողվել է իր քաղաքականությամբ և գործիքակազմով զսպել գնաճային ռիսկերը հանրապետությունում և ապահովել հարաբերական ֆինանսական կայունություն։ Միաժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, որ Կենտրոնական բանկը իր գործողություններում օժտված չէ տնտեսության կառավարման լծակներով և ստիպված է հաշվի առնել նրանում տեղի ունեցող այն զարգացումները, որոնք իրենց ազդեցությունն են ունենում ֆինանսական համակարգի և գնաճի մակարդակի վրա։ Հետևաբար, խնդրի ամբողջական և համապարփակ լուծումը կարող է ապահովվել, երբ առկա է դրամավարկային քաղաքականության հետ կոորդինացված արդյունավետ ընդհանուր տնտեսական քաղաքականություն",-ընդգծեց մեր զրուցակիցը։


Յուրաքանչյուր երկրում քաղաքացիների ճնշող մեծամասնությունն երբևիցե հակված չէ արժևորել, առավել ևս մասնագիտական առումով գնահատել նշված ոլորտներում առկա հաջողությունները կամ անհաջողությունները։ Այդպիսի զանգվածի հիմնական ուշադրությունն առաջին հերթին բևեռված է լինում սոցիալական այն խնդիների վրա, որոնք ծառացած են նրանց արջև։ Նման խնդիրների շարքում գլխավորապես առանձնանում են եկամուտների, աղքատության, գնաճի, պետական պարտքի և շրջանառվող արտարժույթի փոխանակման կուրսի հետ կապված հարցերը։

"Հայաստանում հանգամանքների բերումով այս պահին միայն ծառայությունների և առևտրի ոլորտում կա որոշակի աշխուժություն, այսինքն՝ դրսի կամ ներսի ֆինանսական որոշակի միջոցների տեղաշարժի արագությամբ պայմանավորված ստացվում է քվազի՝ կեղծ աշխուժություն: Մինչդեռ սրանք այն ոլորտներն են, որտեղ նյութական նոր բարիքներ, հավելյալ արժեք չի ստեղծվում: Ամբողջ աշխարհում տնտեսագիտության մեջ գոյություն ունի կարևորագույն մի ցուցանիշ, այն է՝ համախառն ներքին արդյունք: Հայաստանում այն նետված է մի կողմ, և խոսում են տնտեսության ակտիվության ցուցանիշի մասին: Սա կեղծ ցուցանիշ է, որը երբևիցե ցույց չի տալիս տվյալ երկրի կառավարման արդյունավետությունը, առավել ևս հասարակության բարեկեցությունը»,-եզրափակեց Վարդան Բոստանջյանը:

Լիա Խոջոյան