22.06.2026
Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ահաբեկչություն ծրագրած օտարերկրացիների
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ. Անկարային պետք է հեռու պահել ԼՂ հակամարտությունից

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի արված հայտարարությունը ապացուցում է, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձը ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից», - նշվում է փոխարտգործնախարարի հայտարարության մեջ, որը հրապարակված է ՀՀ ԱԳՆ–ի կայքում։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ին անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը որոնելուն: Նա ավելացրել է, որ «առնվազն հինգ շրջաններից զորքերի դուրսբերումը» շարունակում է քննարկվել: Չավուշօղլուի խոսքով, եթե այս խնդիրը լուծվի, ապա Հարավային Կովկասում այլևս վտանգ չի լինի:

Քոչարյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն առաջին հերթին ուղղված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության:

Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ` Քոչարյանը նշել է, որ եթե Անկարան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նա ժամանակին կվավերացներ և կյանքի կկոչեր դեռևս 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, հայտնում է newsarmenia.am-ը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացը 2008 թվականի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։

Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։
Գուրբանով. Իրանի ու Ադրբեջանի սահմանին երկաթուղային կամրջի կառուցումը կավարտվի մինչև տարեվերջ
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն