Կառավարությունը դրական եզրակացություն է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների կողմից ներկայացրած օրենսդրական նախագծին, որով առաջարկվում է«Նաիրիտ» գործարանի կառավարման հետ կապված հատուկ ռեժիմ սահմանել օրենքի ուժով և ներդրումային նախագիծ ընդունել:
««Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ի գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» նախագիծը սահմանում է «Նաիրիտի» վերագործարկման եւ կենսունակության ապահովման կոնկրետ մեխանիզմներ. մասնավորապես, Նաիրիտի գույքային համալիրի ամբողջականության պահպանում, հիմնական միջոցների օտարման բացառում, ինչպես նաև՝ համապատասխան հարկային արտոնությունների սահմանում՝ «Նաիրիտը» հայտարարելով արդյունաբերական գոտի»,-
VERELQ-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, նախագծի համահեղինակ Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը նշեց, որ նախագծով ամրագրված է նաև, որ երբ հստակ ներդրող լինի ու ներդրումային առաջարկ արվի, ապա այդ հանձնաժողովը «Նաիրիտում» նաև հետներդրումային մոնիթորինգ պետք է իրականացնի: Մելքումյանը տեղեկացրեց, որ կառավարությունը նախագծի որոշ դրույթների հետ կապված առաջարկել է փոփոխություններ և լրացումներ, դրանք քննարկվել են էներգետիկայի նախարարի հետ և շատ լրացումների օրենքի հեղինակները տվել են իրենց համաձայնությունը:
«Կարող ենք ասել, որ մեզ հաջողվեց «Նաիրիտի» մասով բեկում մտցնել և դա անել հենց օրենքի ուժով, այլ ոչ թե բարի ցանկությունով կամ կամքով: Այս հարցը հանրային մեծ հնչեղություն ունի, և առավել ևս գործարանի վերագործարկումը պետք է ապահովվի հստակ օրենքով սահմանված դրույթներով»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
ԲՀԿ-ական պատգամավորը ընդգծեց՝ կառավարության որոշումը իսկապես քայլ առաջ է, քանզի վերջին տարիներին «Նաիրիտի» շուրջ բոլոր հարցերն ու գործընթացները դոփում են տեղում, իսկ նման որոշմամբ կանաչ լույս է տրվում մի օրենքի, որը կապահովի պայմաններ դրա հետագա գոյությանն ու վերագործարկմանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է նաև պոտենցիալ ներդրողների հարցը, Մելքումյանն ասաց, որ այդ մասով նորություն չունի:
«Ես
Աշոտ Գրիգորյանին շատ լավ ճանաչում եմ և կարող եմ ասել, որ նա այդ ոլորտի կարևոր գիտակներից է՝ ներդրողներ ներգրավելու առումով, բայց կյանքը ցույց կտա, թե ինչ կլինի»,- հավելեց նա:
Նշենք, վարչապետ
Կարեն Կարապետյանը օրերս ընդունել է Սլովակիայից ժամանած հայ գործարար Աշոտ Գրիգորյանին, որը հայտարարել է, որ պատրաստ է «Նաիրիտ»-ի վերագործարկման համար 100 մլն դոլար ներդրում կատարել: Նա, մասնավորապես, վարչապետին տեղեկացրել է, որ նախատեսում է վերականգնել քիմիական արտադրությունը՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցների մշակած ծրագրի հիման վրա, պայմանով, որ «Նաիրիտ»-ն իրեն վաճառեն մեկ եվրոյով։ Ի դեպ, «Նաիրիտ»-ը վերագործարկելու պատրաստակամություն Աշոտ Գրիգորյանը հայտնել է դեռ նախկին կառավարությանը: