23.11.2024
Բորելն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում
prev Նախորդ նորություն

Ափսոսում եմ, որ մեր հայ գործընկերները Մոսկվա չժամանեցին. Լավրով

Մեր հայ գործընկերները Մոսկվա չժամանեցին, ափսոսում եմ, որ նման հնարավորությունը բաց թողնվեց։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։


«Խաղաղության պայմանագրի հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն այսօր։ Մենք պատրաստվում էինք այս միջոցառմանը, սակայն, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով առկա իրավիճակով։ Մենք պետք է պարբերաբար հանդիպենք, բանակցենք և հող ստեղծենք բոլոր հարցերը լուծելու համար»,- ասել է Լավրովը։


Ավելի վաղ հայկական կողմը խնդրել էր հետաձգել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի արտգործնախարարի առաջնահերթ խնդիրն է հանգուցալուծել առաջացած խնդիրները՝ կապված Բաքվի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ:


VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:


Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից՝ 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:


Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում:


Արցախում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր պլանային վիրահատությունները:


Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ:


Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով: