Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները. վարչապետ
Նախորդ օրը կարևորագույն քննարկում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս հարցի վերաբերյալ: Տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հստակ գնահատական հնչեցրած բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին: Շնորհակալություն եմ հայտնում նաև հայաստանյան և սփյուռքի այն կազմակերպություններին և անհատներին, մասնագիտական խմբերին, ովքեր ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
"Մեր միասնական ջանքերն այս ուղղությամբ պետք է ավելի մեծացնենք: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա: Ակտիվորեն պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ:
Պիտի նաև արձանագրեմ, որ այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է փորձերը՝ Հայաստանին մեղադրել իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ: Նման փորձերը սին են և հիմնազուրկ, և այս թեմային ես բազմիցս եմ անդրադարձել: Ի հավելում՝ պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը: Հույս ունեմ՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի:
Հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչև օրս պատասխան չենք ստացել: Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման:
Հայաստանի Հանրապետությունը դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել: Ասեմ նաև, որ այդ առաջարկները ներառում են Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների խնդրի լուծումը: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան, և նրա զորքերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքից",- հայտարարել է Փաշինյանը: