Ադրբեջանի քաղաքականությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին. ԱԳՆ
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ ապօրինաբար շրջափակելով Արցախը և արհեստականորեն ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120 հազարանոց բնակչության համար։
Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ շրջափակման պատճառով խախտվում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի, պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից և կենսական նշանակության ապրանքների մատակարարումից։
Ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ վարվող հայատյաց քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։
Արցախի արտաքին գերատեսչությունը շրջափակման օրվանից առ այսօր բազմաթիվ նամակ-դիմումներ է հղել տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների՝ հավաստի տեղեկատվություն տրամադրելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հայցելով համապատասխան աջակցություն՝ Արցախի ապաշրջափակման համար։
Ադրբեջանի քաղաքականությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին և անվերապահորեն պետք է արժանանա կոշտ արձագանքի։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը կրկին դիմում է միջազգային հանրությանը՝ Արցախի ապաշրջափակման համար համարժեք գործիքակազմ կիրառելու խնդրանքով։