24.11.2024
Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին ու լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը

Խորհրդարանը դեկտեմբերի 20-ի նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Դավիթ Վեքիլյանի թեկնածությունները:


Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալները, մասնագիտական հատկանիշներն ու աշխատանքային գործունեությունը:


Ռուբիկ Մխիթարյանը, ներկայացնելով պատկերացումներն իր գործունեության ոլորտում, խոսել է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի եւ այդ համատեքստում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դերակատարության մասին:


Թեկնածուն վստահեցրել է, որ մասնագիտական գիտելիքներն ու փորձառությունը կծառայեցնի մեր երկրում դատական իշխանության հեղինակության բարձրացմանը:


Հաջորդ թեկնածու Դավիթ Վեքիլյանը կարծիք է հայտնել, որ դատական ակտը պետք է լինի հնարավորինս պատճառաբանված, ինչն ապահովում եւ արտացոլում է դատարանի անկախությունը, ձեռնահասությունը, մատչելիությունն ու անաչառությունը: Թեկնածուի գնահատմամբ դատական ակտը պետք է մատչելի ներկայացված լինի, որ մասնագիտական գիտելիքներով չօժտված մարդիկ անգամ կարողանան ընկալել այն:


Դավիթ Վեքիլյանի կարծիքով դատական իշխանության գործունեության լուսաբանման պակաս կա, ինչը լրացնելու դեպքում կատարված հսկայական աշխատանքը տեսանելի կլինի հանրության համար: Նա կարեւորել է մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների շարունակական կատարելագործումը, միջազգային գործընկերների հնարավորությունների օգտագործումը: Թեկնածուն խոսել է նաեւ դատարանների ծանրաբեռնվածության խնդրի վերաբերյալ:


Նշենք, որ թեկնածու Լուսինե Աբգարյանը նիստին ներկա չի եղել:


Պատգամավորներ Վիգեն Խաչատրյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Գուրգեն Արսենյանն անդրադարձել են թեկնածուների մասնագիտական բարձր որակներին, խոսել արդարադատության ոլորտի խնդիրների, առկա արդարադատական մարտահրավերների, քաղաքացիական հասարակություն-դատարան փոխհարաբերությունների մասին: