Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին. Փաշինյան
8-րդ օրն է` Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայությունից», - գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, դեկտեմբերի 12-ից առավոտյան ժամը 10:30-ից ադրբեջանական ուժերը բնապահպանների անվան տակ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Շուշի-Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Հայաստանի ու Արցախի միջև: Դարարեցվել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը մի քանի օր անց վերականգնվեց:
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցել ադրբեջանական և հայկական կողմերի հետ ճանապարհը բացելու ուղղությամբ:
Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հայտարարում են, որ Արցախը հումանիտար աղետի շեմին է, կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա:
Հանրապետությունը կտրված է արտաքին աշխարհից, չեն իրականացվում առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի մատակարարումներ:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: