Շրջափակման ութերորդ օր. գործում է թեժ գիծ
Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Հաշվի առնելով ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ:
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:
Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետևանքով:
VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ից առավոտյան ժամը 10:30-ից ադրբեջանական ուժերը բնապահպանների անվան տակ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Շուշի-Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Հայաստանի ու Արցախի միջև: Դարարեցվել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը մի քանի օր անց վերականգնվեց:
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցել ադրբեջանական և հայկական կողմերի հետ ճանապարհը բացելու ուղղությամբ:
Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հայտարարում են, որ Արցախը հումանիտար աղետի շեմին է, կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա:
Հանրապետությունը կտրված է արտաքին աշխարհից, չեն իրականացվում առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի մատակարարումներ: