Անհանգստացած եմ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. Հռոմի Պապ
Դեկտեմբերի 18-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Ս․ Պետրոսի տաճարի հրապարակում հազարավոր հավաքվածների ներկայությամբ իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Հռոմի Պապը մասնավորապես նշեց. «Սիրելի քույրեր և եղբայրներ, ես անհանգստացած եմ Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես մտահոգ եմ բնակչության մարդասիրական ծանր պայմանների առնչությամբ, որոնք սպառնում են էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակի պայմաններում: Իմ խնդրանքն է բոլոր ներգրավվածներին պարտավորվել խաղաղ լուծումներ գտնել՝ հանուն ժողովրդի բարօրության»։
ԱԳՆ-ից հայտնում են, որ Հռոմի Քահանայապետի հնչեցված այս մտահոգությանն է անդրադարձել Սուրբ Աթոռի պաշտոնաթերթ հանդիսացող «Վատիկան Նյուզը» ՝ տպագրելով հոդվածներ Ադրբեջանի կողմից թշնամական գործողությունների արդյունքում հումանիտար ճգնաժամի եզրին հասցրած Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավիճակին, այդ թվում՝ 30 հազար երեխաներին, ովքեր ներկայումս մեկուսացված են և զրկված են սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության պարագաներից, անդրադառնալով նաև միջազգային հանրության արձագանքներին:
VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ից առավոտյան ժամը 10:30-ից ադրբեջանական ուժերը բնապահպանների անվան տակ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Շուշի-Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Հայաստանի ու Արցախի միջև: Դարարեցվել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը մի քանի օր անց վերականգնվեց:
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցել ադրբեջանական և հայկական կողմերի հետ ճանապարհը բացելու ուղղությամբ:
Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հայտարարում են, որ Արցախը հումանիտար աղետի շեմին է, կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա:
Հանրապետությունը կտրված է արտաքին աշխարհից, չեն իրականացվում առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի մատակարարումներ: