25.11.2024
Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ
prev Նախորդ նորություն

Մենք չենք կարող մեր հայրենակիցներին թողնել միայնակ Ադրբեջանի դեմ. պատգամավոր

Արցախում ադրբեջանական սադրանքները շարունակվում են, սա իրենց հերթական փորձն է քաղաքական, ռազմական, հոգեբանական, բարոյական ճնշում գործադրել Արցախի ժողովրդի նկատմամբ, որպեսզի Արցախի ժողովուրդը համակերպվի պարտության հետ. ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դեկտեմբերի 12-ի խորհրդարնական ճեպազրույցներին եւ հավելել` «Կարծում եմ` նրանք արցախցիներին լավ չեն ճանաչում, 30 տարի առաջ պարտությունն իրենց համար դաս չեղավ: Որպեսզի մենք կարողանանք պահել Արցախը, ՀՀ-ն չի կարող կրավորական մոտեցում ցուցաբերել»:


Ըստ Արթուր Խաչատրյանի` մենք չենք կարող մեր հայրենակիցներին թողնել միայնակ Ադրբեջանի դեմ: Նրա հավաստմամբ Հայաստանը ստանձնել է հանձնառություն` հանդես գալ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, եւ այդ հանձնառությունը երբեւէ Հայաստանի ուսերի վրայից ոչ մեկը չի վերցրել:


Նշենք, որ ըստ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած այսօրվա հաղորդագրության` «Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին»:


Արցախի Կաշենի հանքավայրում տեղի ունեցածի առնչությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է. «Արցախցիները բռունցքվել են, եւ ադրբեջանցիները, բախվելով մեր պատին, հեռացել են»:


Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի` ընդդիմությունն այս ամենի մասին վաղուց ահազանգել է, որ ՀՀ-ն պետք է տեր կանգնի իր ստանձնած պարտավորություններին, պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը: Պատգամավորը լիահույս չէ, որ այս հայտարարություններից հետեւություններ արել են ՀՀ իշխանությունները, այդ թվում` Արցախի իշխանությունները:


Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ պետք է անի ընդդիմությունը` խորհրդարան վերադառնալով, Արթուր Խաչատրյանը նշել է, որ ընդդիմությունը պետք է անի ամեն ինչ, որ այս իշխանություններն օր առաջ հեռանան:


Նիստերին ընտրողաբար մասնակցելն ինչո՞վ է պայմանավորված հարցին ի պատասխան` պատգամավորն ասել է, որ նիստերին մասնակցում են առանձնակի կարեւորություն ներկայացնող, անվտանգային հարցերի քննարկման ժամանակ, հանձնաժողովների աշխատանքներին չմասնակցելն էլ պայմանավորված է մեծամասնության վարքագծով: Ընդդիմությունը նիստերին մասնակցում է այն հարցերով, որոնք առնչվում են Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը:


Անդրադառնալով լրագրողի այն նկատառմանը, որ խորհրդարանը հնարավորություն է տալիս հարցուպատասխանի ժամանակ հարցեր ուղղել վարչապետին, բայց ընդդիմությունը ներկա չէր` Արթուր Խաչատրյանը փաստել է, որ Կառավարության հետ հարցուպատասխանը դեբատի հնարավորություն չի տալիս, այդ իսկ պատճառով իրենք հարցեր չեն ուղղում ՀՀ վարչապետին: