Հարատև պատերազմն անգամ չի կարող արձանագրել ուժերի վերջնական հավասարակշռությունը. Միրզոյան
Ուժի կիրառմամբ արտաքին քաղաքական խնդիրների լուծման մոտեցումը, որը դրսևորվում է աշխարհի տարբեր անկյուններում նոր պատերազմների և հակամարտությունների բռնկմամբ, վկայում է համաշխարհային անվտանգային համակարգի ճգնաժամի մասին: Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն որևէ միջազգային համակարգ չի կարող հիմնված լինել բացառապես «ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա, քանզի, ինչպես գիտենք, ուժեղից միշտ էլ առավել ուժեղը կա, և հարատև պատերազմն անգամ չի կարող արձանագրել ուժերի վերջնական ճշգրիտ հավասարակշռությունը»,- ասել է Միրզոյանը:
Առանց խաղաղ համակեցության համընդհանուր նորմերի, միջազգային իրավունքի և երկակի ստանդարտների չենթարկվող կարմիր գծերի, աշխարհը չի կարող վերագտնել խաղաղություն և զարգացում, ասել է ԱԳ նախարարը:
«Ակնհայտ է նաև, որ բազմակողմանիության ներկա ճգնաժամից հետո մեզ անհրաժեշտ է նորովի իմաստավորել միջազգային հարաբերությունները և գտնել ժողովուրդների համակեցության նոր կոնսենսուս: Դժվար է այսօր կանխատեսել ինչպիսին կլինեն այդ միջազգային կոնսենսուսի բոլոր տարրերը, սակայն ակնհայտ է, որ ցեղասպանությունների և էթնիկ զտումների, կրոնական և ազգային խտրականության և ատելության անթույլատրելիությունը և դրանց կանխարգելումը, մարդու իրավունքների, այդ թվում և խմբային, հավաքական իրավունքների պաշտպանությունը պետք է դառնան այդ կոնսենսուսի հիմնասյուներից մեկը»,- հավելել է նա :