24.11.2024
Սերժ Սարգսյան. Հայաստանը վստահորեն ընթանում է առաջ՝ նոր տեսլականը խարսխելով անցած ձեռքբերումների վրա
prev Նախորդ նորություն

Դալլաքյան. Եթե ինձ հետ բան պատահի՝ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է

Վիկտոր Դալաքյանը դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից, հրաժարական է տալիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից և պատրաստվում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:

«Պատրաստվում եմ մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և ակտիվ քաղաքականությամբ զբաղվել»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը:

Վերջինս նաև զգուշացրել է, որ իր այս հայտարարություններից հետո հնարավոր է լինեն որոշակի զարգացումներ, այդ իսկ պատճառով հնչեցրել է դրանց պատասխանատուի անունը.

«Հայտարարում եմ, որ եթե իմ հայտարարությունից հետո որևէ բան պատահի իմ կամ իմ ընտանիքի անդամների հետ, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Նաև դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որ նրանք հնարավորության դեպքում ուշադրություն դարձնեն իմ հայտարարություններին»,- հայտարարել է նա:

Վիկտոր Դալլաքյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2012 թվականի սեպտեմբերին՝ խորհրդարանական ընտրություններում պարտություն կրելով Էդմոն Մարուքյանից:

Դեռ ամիսներ առաջ մամուլը գրում էր, որ Դալլաքյանը նոր կուսակցություն է հիմնում, որի անունը «Շրջադարձ» է: Օրեր առաջ հայտնի էր դարձել նաեւ, որ այդ կուսակցությանն անդամագրվելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ավելին, մամուլում ավելի ուշ գրվեց, որ Օհանյանը, հնարավոր է դառնա նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցության նախագահը:

Վիկտոր Դալլաքյանը մանրամասներ չհաղորդեց, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին՝ նոր կուսակցություն է բացելո՞ւ, թե՞ անդամակցելու ուրիշին: «Այն ձեւաչափը, որով ես կմասնակցեմ, համապատասխան կուսակցական ցուցակը կլինի, թույլ տվեք փակագծերը չբացել, բայց այս ամսվա ընթացքում մանրամասներ կհաղորդեմ»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ Սեյրան Օհանյանը ակտիվ առնչություն է ունենալու Դալլաքյանի հետ կապվող կուսակցության հետ, բանախոսը պատասխանեց. «Սեյրան Օհանյանը իր գործունեության և ծրագրերի մասին, որևէ հրապարակային հայտարարություն չի արել, հետևաբար ձեռնպահ կմնամ որևէ հրապարակային հայտարարություն չկատարած անձնավորության ծրագրերի հետ կապված որևէ գնայհատական տալ»:

Նաև ասաց, որ բարձր է գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը ու հավելեց. «Ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ, որպեսզի նման պետական, ռազմական գործիչը համագործակցեր այդ կուսակցության հետ»: