VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում գործում են 9 ապահովագրական ընկերություններ, որոնց գործունեության հետ կապված բողոքները հիմնականում վերաբերում են «ԱՊՊԱ»-ի հետ կապված խնդիրներին: Սակայն «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ քաղաքացուց, որը պատմեց ապահովագրական ընկերության կողմից բոլորովին այլ տեսակի չարաշահման մասին: Մեզ դիմած քաղաքացին փաստում է, որ ինքը «Արմենիա ինշուրանս» ընկերությունում առողջության ապահովագրություն է ձեռք բերել՝ արտերկիր մեկնելու համար: Սակայն, երբ արտերկրում գտնվելիս նրա մոտ առողջական խնդիրներ են առաջացել, այդպես էլ չի կարողացել իր ապահովագրական ծառայությունից օգտվել: Ավելին` Հայաստան վերադառնալուց եւ փոխհատուցում ստանալ փորձելուց հետո պարզվել է, որ իր տվյալները նշված ապահովագրական ընկերության բազայում նշված չեն: Այս դեպքում հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս է «Արմենիա ինշուրանս» ընկերությունը մարդուն ապահովագրական գրքույկ տվել, եւ այդ փաստաթուղթը որքանո՞վ է իրական: «Արմենիա ինշուրանս»-ից պարզաբանում ստանալու «Ժողովուրդ»-ի բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Պարզվեց՝ տնօրինությունը նման հարցերով չի զբաղվում»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ բոլոր մարզպետները այսօր հրավիրվել են նախագահական նստավայր, խոսակցության թեման մարզպետներից որոշների պաշտոնանկության հարցն է լինելու։ Այսպիսով, մեկնարկում է պաշտոնանկությունների 2-րդ փուլը։ Այս պահին, թերևս, միանշանակ է Արարատի մարզպետ
Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը, որին կփոխարինի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բավականին հետաքրքիր իրավիճակ Է ստեղծվել
Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամագրության շուրջ։ Կարեն Կարապետյանն ու իր թիմը չեն շտապում այդ հարցում, օրինակ են բերում Տիգրան Սարգսյանին, որը բավականին ուշ անդամագրվեց, սակայն ՀՀԿ մեր աղբյուրները պնդում են, որ հարցն արդեն իսկ լուծված Է, և նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարում Կարապետյանը կմտնի կուսակցություն. «Շարմազանովը հո չքնեց-զարթնեց՝ մի օրում ասաց՝ չի բացառվում»։ Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, ՀՀԿ առաջիկա համագումարը կլինի «ահավոր» պատմական։ «Տեղի կունենան այնպիսի ֆորսմաժորային փոփոխություններ, կհնչեն այնպիսի հարցեր, ու կլսվեն պատասխաններ, որ «բոլորն իրենց աթոռներից» կընկնեն»,– անբեկանելի տոնով ասաց մեր աղբյուրը։ Ի՞նչ փոփոխությունների մասին Է խոսքը։ «Կառուցվածքային և մնացյալ»»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Այսպիսով, կարելի է ասել, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջնականապես ձեւավորեց կառավարության տնտեսական բլոկը։ ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարները եւ հիմա նաեւ պետեկամուտների կոմիտեի նախագահը իր վստահելի մարդիկ են՝ իր թիմակիցները։ Պետք է նկատել, որ ՊԵԿ նախագահի պաշտոնը գուցե ավելի կարեւոր է, քան վերը նշված նախարարներինը։ Եթե Կարեն Կարապետյանը իրոք որոշել է զգալի փոփոխություններ բերել ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքում, ապա առանց պետեկամուտների կոմիտեի լիակատար վերահսկողության դա նրան չէր հաջողվելու։ Իսկ Վարդան Հարությունյանը հենց այն անձն է, որը կարող է ապահովել այդ վերահսկողությունը։ Ի՞նչ է նշանակում ստեղծված իրավիճակում ստանձնել ՊԵԿ նախագահի պաշտոնը։ Այստեղ կարող են լինել մի քանի տարբերակներ; Կամ ստանձնողը նախօրոք որոշել է, որ պետք է ամբողջությամբ ինտեգրվի ՊԵԿ համակարգում կատարելության հասցված կոռուպցիոն սխեմաներին եւ ինքը դառնա այդ սխեմաներում գործող գլխավոր դերակատարը, կամ ստանձնողը չի պատկերացնում, թե իրականում դա ինչ համակարգ է, եւ պատահաբար է ստանձնում այդ պաշտոնը։ Կամ էլ որոշել է, պատկերավոր ասած «թուր ու թվանքով» մտնել այդ համակարգ եւ կարճ ժամանակում արմատապես փոխել այն։ Թե այս տարբերակներից որի հետ գործ ունենք
Վարդան Հարությունյանի դեպքում, ցույց կտա ժամանակը։ Հայտնի է միայն, որ նա պատահաբար չի ստանձնում այդ պաշտոնը, նա ունի ինտելեկտուալ բարձր մակարդակ, շատ լավ պատկերացնում է, թե ինչ է կատարվում այնտեղ, երկար ժամանակ համառորեն դիմադրել է եւ չի ցանկացել նշանակվել այդ պաշտոնում…։ Այս հանգամանքները թույլ են տալիս դրական որոշակի սպասումներ ունենալ Հարությունյանի նշանակումից»: