ՀՀ-ում առկա է գործարարության համար կայուն մակրոտնտեսական միջավայր. Նախագահ
Նյու Յորքում կայացած «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներդրողներին առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ։ Նախագահի խոսքով՝ Հայաստանում առկա է գործարարության համար կարևորագույն նախապայման հանդիսացող կայուն մակրոտնտեսական միջավայր:
«Տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում վերջին զարգացումները՝ արժույթների կտրուկ արժեզրկումը ցույց տվեցին, որ Հայաստանն ունակ է դիմակայելու արտաքին բացասական ցնցումներին` ապահովելով երկրում կայուն և կանխատեսելի մակրոմիջավայր: Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը բավարարում են հասարակության ակնկալիքները` թույլ տալով, որպեսզի մեր ազգային արժույթն արժեզրկվի տնտեսագիտական հիմնարարներին համապատասխան»,- ասել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ խստորեն հետևելու են արդյունավետ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցով մակրոտնտեսական կայունության պահպանման ոսկե կանոնին:
«Հանձնառու ենք մեր երկրի գործարար միջավայրի հետագա բարելավմանը։ Մենք առաջնահերթություն ենք տալիս թվային կառավարության ներդրմանը՝ մեր ժողովրդին և գործարար շրջանակներին 21-րդ դարի պահանջներին համահունչ ծառայություններ մատուցելու նպատակով։ Օրինակ, այսօր յուրաքանչյուրը կարող է առցանց հետևել բյուջետային բոլոր ծախսերին, հարցումներ ու հարցադրումներ կատարել ՀՀ հանրային ծառայությունների մարմիններին և հետևել իր դիմումի կատարման ընթացքին, էլեկտրոնային կարգով ստանալ արտոնագրեր և այլ պետական ծառայություններ»,- տեղեկացրել է նա:
Հայաստանում գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու համար, շարունակել է Հայաստանի նախագահը, նախատեսվում է շոշափելիորեն բարելավել նաև հարկային և մաքսային ոլորտները: Այդ կոնտեքստում նա տեղեկացրել է, որ մեկ շաբաթ առաջ Հայաստանի խորհրդարանն ընդունեց նոր հարկային օրենսգիրքը, որը մի շարք արտոնություններ է տրամադրում գործարարներին և ներդրողներին։
«Մենք պարզեցրել ենք հարկային մարմինների կողմից իրականացվող գործընթացները՝ այդպիսով հարկային վերահսկողության գործընթացը դարձնելով առավել գործարարամետ։ Վերջերս, մենք հանձնառություն ենք ստանձնել մեր գործարար միջավայրը դարձնելու առավել կայուն և կանխատեսելի՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմամբ և ներդրումների պաշտպանության սկզբունքներին հաստատուն հանձնառությամբ։ Այդ սկզբունքները, փաստացիորեն, ամրագրվեցին 2015 թվականին ընդունված սահմանադրական բարեփոխումներում, որտեղ գործարարության զարգացմանն ու ներդրումների դյուրացմանը նպաստող դրույթները հատուկ շեշտադրում ունեն։ Այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանը շուտով կիսանախագահական կառավարման ձևից անցում է կատարելու խորհրդարանականին։ Այս նախաձեռնությունը նաև տնտեսական նկատառումներով էր պայմանավորված, և մենք կարծում ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելն առավել արդյունավետ կլինի մեր երկրի համար, այդ թվում նաև՝ տնտեսական առումով»,- թվարկել է երկրի ղեկավարը։
Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ ընդամենը օրեր առաջ կազմավորված ՀՀ նոր կառավարությունը լայն լիազորություններ է ստացել համարձակ առաջ մղելու իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ Հայաստանի ներդրումային միջավայրը շատ ավելի գրավիչ դարձնելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար: Այդ նպատակով վերափոխվել է, օրինակ, էկոնոմիկայի նախարարությունը «Տնտեսական զարգացման և ներդրումների» նախարարության, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործարարներն իրենց հարցերը բարձրացնելու և պատասխաններ ստանալու քաղաքական հարթակ ունենան: Բացի այդ, լիազորվել է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամը` բոլոր հարցերում անվերապահ աջակցել օտարերկրյա ներդրողներին:
«Արտասահմանյան ներդրողների ներգրավվածությունը դիտում ենք որպես Հայաստանի տնտեսությունը խթանող շատ կարևոր բաղադրիչ: Հետևաբար, պարտավորվում ենք ապահովել նաև պիլոտային օրենսդրական լուծումներ խոշոր ներդրողների համար, որոնք կցանկանան այսօրվա ու վաղվա Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ»,- հավելել է Սերժ Սարգսյանը։