Ո՞վ է ԱՄՆ ապագա նախագահի հիմնական հավակնորդը
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը ոչ միայն համարվում է ԱՄՆ հանրապետական կուսակցության ծագող աստղը, այլև ԱՄՆ նախագահի հավանական թեկնածուն 2024թ.: Այս մասին գրում է Armenian Center for American Studies-ը:
ԴեՍանտիսը քաղաքականապես բավականին համեստ և հավասարակշռված կեցվածք ունի, քիչ է արտահայտվում քաղաքական թեմաներով, որոնք չեն վերաբերում իր նահանգին: Ավելին, նահանգապետը չի պատասխանում իր հասցեին նախկին նախագահ Թրամփի և այլ գործիչների կողմից հնչող մեղադրանքներին: Նա փորձում է չներքաշվել քաղաքական սպեկուլիացիաների և գզվրտոցների մեջ: Սակայն, երեկ նա խախտեց իր չգրված կանոնը և բավականին կոշտ և գլոբալ քաղաքական հայտարարություններ արեց:
Այն բանից հետո, երբ Իլոն Մասկը հայտարարեց, որ կաջակցի ԴեՍանտիսին 2024 թվականի նախագահական ընտրություններին, ազդեցիկ հանրապետականը պաշտպանեց Իլոն Մասկին «Apple»-ի հետ կոնֆլիկտում:
«Apple» Կորպորացիան, ըստ ԴեՍանտիսի, սպասարկում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության շահերը և փորձում է խեղդել խոսքի ազատությունը Միացյալ Նահանգներում՝ իր մենաշնորհային դիրքը չարաշահելով:
Մսնավորապես, Մասկը վերջերս հայտարարել էր, որ «Apple»-ը հանում է գովազդը «Twitter»-ից և կարող է հանել հավելվածը «Appstore»-ից:
ԴեՍանտիսը սա համարում է ազատ խոսքի, սահմանափակում և կարծում է, որ «Twitter»-ը, ընդհակառակը, փոխվում է դեպի լավը:
Իհարկե դեռ վաղ է կանխատեսումներ անելը, սակայն ԴեՍանտիսի հանրային աջակցության ցուցանիշը բավականին բարձր է և այս պահին որոշ ցուցանիշներով հավասարվել է ընդհուպ մինչև Թրամփի վարկանիշին, որպես ամենից ազդեցիկ և հեռանկարային հանրապետական գործիչ: