25.11.2024
Նախագահը ներկայացրել է ԱԱԽ նորանշանակ քարտուղարին
prev Նախորդ նորություն

Նախագահ. Բարեփոխումների շարժիչ ուժն ու շինարարը պետք է լինի կառավարությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց կառավարություն: Նախքան գործադիրի հերթական նիստի մեկնարկը, նախագահը շնորհավորեց վարչապետ Կարեն Կարապետյանի նոր կառավարության կազմի համալրման կապակցությամբ և ընդգծեց, որ բարեփոխումների շարժիչ ուժն ու շինարարը պետք է լինի կառավարությունը:

«Այս նոր կառավարության հաջողությամբ են պայմանավորված այն ակնկալիքները, որ ունի ժողովուրդը: Ուրեմն պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքին, նվիրվել անմնացորդ»,- հայտարարեց երկրի ղեկավարը՝ հորդորելով կառավարության անդամներին լինել ամուր և հաստատակամ: Նա նաև հիշեցրեց, որ պայմանավորվել են՝ նեղանալ ու նեղսրտել չկա:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ պետական ծառայության անցնելիս անձնականը պետք է մղվի երկրորդական պլան: Իսկ վարչապետի հնարավոր կշտամբանքներն ու դիտողությունները, համոզմունք հայտնեց նախագահը, երբեք չեն վերաբերվելու կառավարության անդամների անձերին, այլ միայն ու միայն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն.

«Մենք իրոք շատ բան ունենք անելու և այդ ճանապարհին լինելու ենք հաստատակամ: Մենք պետք է միայն առաջ գնանք»,- ասաց նա:
ՀՀ նախագահը հորդորեց նաև խնդիրների ժամանակ դրանց արմատները չփնտրել նախկինում, քանզի դա ամենահեշտ ճանապարհն է: Բայց պետք է գտբնել առաջ գնալու ուղիները:

Իր հերթին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ իրենց ամենօրյա աշխատանքով ազդակ են հաղորդելու ՀՀ քաղաքացուն, որ գնում են դեպի իր սպասումներն ու ակնկալիքները բավարարելու ճանապարհով:

«Մեր նախատեսված ծրագրում, որ կներկայացնենք մոտ օրերս, հուշելու և նշելու ենք այն քայլերը, որոնք միտված են արդար միջավայրում ապրելուն, վաղվա օրվա հանդեպ հավատ ունենալուն և ստեղծելու հնարավորությանը: Աշխատանքը կատարելու ենք հասարակության հետ մաքսիմալ հետադարձ կապ ապահովելով և մշտապես բացատրելու ենք, թե ինչի ենք դա անում, ինչ նպատակ ունենք և լսելու ենք իրենց ակնկալիքները, խորհուրդներն ու սպասումները»,- վստահեցրեց վարչապետը: ՀՀ նախագահն էլ հավելեց, որ դա բերելու է նրան, որ մարտահրավերները տեղի են տալու.

«Դրանում համոզված եղեք»,- շեշտեց Սերժ Սարգսյանը: