Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:
Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արտակ Բեգլարյանին կատարած անձնվեր աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ նա ապագայում ևս իր ողջ ներուժը, գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու է Արցախի զարգացմանն ու մեր ժողովրդի բարօրությանը:
Ներկայացնելով նոր պետական նախարարին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուրախ է, որ Ռուբեն Վարդանյանն ընդունել է իր՝ այդ պաշտոնը ստանձնելու առաջարկը, քանի որ նա ավելի քան 20 տարի Արցախի հետ է, իսկ պատերազմի օրերին գտնվում էր մեր կողքին ու դրանից հետո սկսել է «Ավրորան Արցախին» ծրագրի միջոցով ավելի ակտիվ սոցիալական ու բարեգործական ծրագրեր իրականացնել Արցախում: Նախագահի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի նվիրվածությունը հայրենիքին, հավատը, ուժը, եռանդը, մյուսներին դրանցով վարակելու և գաղափարի շուրջ համախմբելու կարողությունը մեզ համար հիմա չափազանց կարևոր են: Իսկ նրա փորձը, հնարավորությունները, արժեքավոր կապերն ամբողջ աշխարհի հետ այս փուլում մեզ պարզապես անհրաժեշտ են:
«Ամենակարևորը, որ նա հավատում է Արցախի ապագային: Նա համոզված է, որ Արցախում այժմ որոշվում է ողջ հայ ժողովրդի ապագան, և իր քայլով հաստատեց, որ իր համար ավելի կարևոր բան չկա, քան Արցախ գալն ու այստեղ մեզ հետ գտնվելը, մեր ճակատագիրը մեզ հետ կիսելը: Նա մեզ հետ է, և այդպիսի մարդկանց պետք է առավելագույնս աջակցել՝ Հայրենիքին ծառայելու հարցում», - ընդգծել է երկրի ղեկավարը:
Արայիկ Հարությունյանը վստահեցրել է նոր պետնախարարին, որ նա ունենալու է Նախագահի, կառավարության, խորհրդարանի և Արցախի ողջ ժողովրդի աջակցությունը: «Դուք, մեզ հետ միասին, հաջողելուց բացի, այլ ճանապարհ չունեք: Հաջողելու՝ հանուն Արցախի, հանուն Արցախի ժողովրդի, հանուն մեր պատմական հողում մեր ապրելու իրավունքի, հանուն Արցախը հայկական պահելու», - եզրափակեց իր խոսքը ԱՀ նախագահը: