24.11.2024
Հայկական գագաթնաժողովը մեկ հարկի տակ է հավաքել 50 երկրների ավելի քան 600 մասնակիցների
prev Նախորդ նորություն

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները խորը փոփոխությունների են ենթարկվում. Փաշինյան

Բոլորին ակնհայտ է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բովանդակային, սոցիալ-հոգեբանական, կազմակերպչական խորը փոփոխությունների են ենթարկվում՝ անկախ մեր կամքից: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի բացման արարողությանը: 


Այդ փոփոխությունները, նրա խոսքով, տեղի են ունենում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ցանկանում է դա, այլ որովհետև գլոբալ պրոցեսներն են պարտադրում նման փոփոխոություններ: Այդ փոփոխությունները կապ չունեն ոչ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, ոչ էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգության հետ: Թե հեղափոխությունը, թե պատերազմն առիթ էին, որ մենք արձանագրենք ակնհայտը, իսկ ակնհայտ է այն, որ ժամանակն անխուսափելի ազդեցություն է թողնում նաև հայկական Սփյուռքի էության և բովանդակության վրա:


«Ի՞նչ է նշանակում սփյուռքահայ մի դարաշրջանում, երբ մարդը կարող է շաբաթվա 7 օրն անցկացնել 6 տարբեր աշխարհամասերում: Ի՞նչ է նշանակում լինել սփյուռքահայ մի պայմաններում, երբ աշխարհի ցանկացած վայրից կարելի է վայրկյանների ընթացքում նամակ, լուսանկար ու տեսանյութ ուղարկել և ստանալ, ուղիղ տեսակապ հաստատել ցանկացածի հետ օրվա մեջ 24 ժամ: Ի՞նչ է նշանակում համայնքային կյանք մի պայմաններում, երբ հայ գրականությունը, հայկական մամուլը, գրքերն ինտերնետի միջոցով հասանելի են ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, և ցանկացած հայ ցանկացած պահի կարող է խոսել ցանկացած այլ հայի հետ՝ գեներացնել, կիսել, տարածել ցանկացած գաղափար մի պայմաններում, երբ Հայաստանն ինտերնետի հասանելիությամբ ու ազատությամբ աշխարհի առաջատար երկրների ցանկում է:


Սրանք հարցեր են, որոնց պատասխանելը չափազանց կարևոր է բոլորիս համար: Եվ մենք կարծում ենք, որ այս հարցերի պատասխանները Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հարաբերություններում շատ բան են փոխելու: Նման բան կարծում ենք այն համոզմունքով, որ աշխարհասփյուռ հայությունը մեծ ներուժ է: Եվ նման աշխարհասփյուռ ռեսուրս ունեցող երկիրը՝ ինչպիսին է Հայաստանը, չպետք է ունենար այն խնդիրները, որ ունի: Իսկ եթե ունի՝ նշանակում է մենք շատ բան սխալ ենք արել և անում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:


Ամենամեծ սխալն, իմ կարծիքով, այն է, որ Հայաստան-Սփյուռք խոսակցությունը սովորաբար սկսվում, ընթանում և ավարտվում է մեզ հայտնի, կամ ինչպես ընդունված է ասել՝ համազգային հավանության արժանացած ճշմարտություններով: Սա, իհարկե, վատ չէ: Սա նույնիսկ լավ է, բայց անթերի չէ այն իմաստով, որ չի ընդլայնում ինքներս մեր և աշխարհի մասին մեր ունեցած պատկերացումները: Սա էլ իր հերթին հնարավորություն չի տալիս, որ մենք բավարար արագությամբ ընկալենք և արձանագրենք աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, ասել է թե օգտվենք հնարավորություններից և կառավարենք մարտահրավերները:


Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը տեղի է ունենում մի պայմաններում, երբ աշխարհի, տարածաշրջանի, նույնիսկ ինքներս մեր մասին շատ պատկերացումներ, երազանքներ սասանվել են, երբեմն նույնիսկ փլուզվել: Մեր առաջարկն ու պատկերացումն է՝ ոչ թե մնալ այդ փլատակների տակ, այլ փորձել գտնել նոր հնարավորություններ, փորձել հատկապես Հայաստանի Հանրապետությունը դարձնել նոր պատկերացումների, նոր երազանքների, նոր մոտեցումների ձևավորման և զարգացման մի հարթակ՝ առանցքում ունենալով Հայաստանի անկախ, ինքնիշխան, անվտանգ, ազատ, զարգացած, ժողովրդավարական հանրապետություն, որովհետև ցանկացած հայ գլոբալացված աշխարհի ցանկացած վայրում կարող է ունենալ ցանկացած բան՝ բարեկեցություն, աշխատանք, փող, ընտանիք: Եվ բացառություն է միայն մեկ բան, և այդ մեկ բանը Հայաստանի Հանրապետությունն է, որի քաղաքացի լինելու հպարտությունն ու երջանկությունը կրում են դահլիճում ներկա մարդկանց մեծամասնությունը:


Համամաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը նպատակ ունի դառնալ այն մարդկանց հարթակ և հանդիպման վայր, ովքեր ուզում են և պատրաստ են Հայաստանի Հանրապետության պետական շահը դարձնել համահայկական օրակարգ, իրենց ներդրումն ունենալ այդ շահի առաջ մղման գործում, աջակցել պետականության ինստիտուցիոնալ կայացմանն ու ռազմավարական զարգացմանը՝ որպես 21-րդ դարի մարտահրավերներին համարժեք, արդիական պետություն», - նշել է Փաշինյանը:


Գագաթնաժողովն ընդհանուր առմամբ ունենալու է 8 պանելային քննարկում և 17 համաժամանկյա նիստ՝ քննարկելով Հայաստանի անվտանգությունից մինչև աշխարհում հայկական շահերի պաշտպանություն, հայրենադարձությունից մինչև կրթություն, առողջապահություն և գյուղատնտեսություն, ճգնաժամային համայնքներից մինչև Սփյուռքի երիտասարդությանն առնչվող հարցեր: Գագաթնաժողովն ունի 600 մասնակից 50 երկրներից: Հանդես են գալու ավելի քան 100 բանախոսներ 15 երկրներից: