24.11.2024
Սփյուռքը պահում է իր սթափ միտքն ու ճիշտ դատողություններ անում. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Հայկական գագաթնաժողովը մեկ հարկի տակ է հավաքել 50 երկրների ավելի քան 600 մասնակիցների

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը համոզված է, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի օրակարգում նախանշված ուղղությունները կապահովեն աշխույժ և արդյունավետ քննարկումներ, որի արդյունքում կլինեն բազում առաջարկներ և տարբեր ոլորտների զարգացմանը վերաբերվող համապատասխան եզրակացություններ: Զարեհ Սինանյանն այս մասին ասաց Համաշխարհային հայկական գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:


«Ուրախ եմ ձեզ ողջունելու Հայաստանում, Համաշխարհային հայկական գագաթնաժողովը մեկ հարկի տակ է հավաքել 50 երկրների ավելի քան 600 մասնակիցների և 100 բանախոսների: Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հուշագրի շրջանակներում մեզ են միացել նաև Հունաստանի փոխարտգործնախարար Անդրեաս Կացանիոտիսը և Կիպրոսի նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտյուն:


Նշանակալի այս իրադարձությունն անցկացվում է Հայաստանի և համայն հայության համար պատմական կարևոր ժամանակահատվածում,երբ դիմագրավում ենք տարբեր մարտահրավերներ, երբ անհրաժեշտ են մտածված և համարձակ լուծումներ:


Ոմանք այն կարծիքի են, որ այս դժվարին պայմաններում պետք չէ գագաթնաժողով անցկացնել, երբ որ Հայաստանի անվտանգային խնդիրները մեր սփյուռքի հայրենակիցների համար չմասնակցելու պատճառ կհանդիսանան: Ձեր ներկայությունն այսօր, այստեղ ապացույցն է, որ սփյուռքը պատրաստ է հայրենիքի կողքին լինել ամենադժվարին պայմաններում և կիսել դժվարություններին դիմակայելու և խնդիրներ լուծելու ծանր բեռը»,- ընդգծեց Սինանյանը:


Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով՝ ներկայումս աշխարհը մտել է գլոբալ փոփոխությունների փուլ, իսկ աշխարհասփյուռ հայության առջև ծառացել են հին և նոր մարտահրավերներ, այդ թվում՝ անվտանգային, հայապահպանության, տնտեսական, ժողովրդագրական, երկրի մոդեռնիզացիայի, կարողությունների ընդլայնման և այլն:


«Գագաթնաժողովը կոչված է բաց քննարկելու Հայաստանի և սփյուռքի առջև ծառացած օրակարգային հարցեր՝ նախանշելու զարգացման նոր հնարավորություններ ու ռազմավարություններ, առանձնացնելու առաջնահերթություններ, գտնելու փոխշահավետ գործակցության ձևաչափեր:


Բոլորիս համար ակնհայտ է, որ փոփոխվող աշխարհն իր անմիջական ազդեցությունն է թողնում սփյուռքյան տարբեր համայնքների, կառույցների, անհատների վրա՝ որոշակիորեն փոխելով նաև մեր օրակարգը, ուստի գագաթնաժողովը կարևոր հարթակ է քննարկելու ու հասկանալու միմյանց կարծիքները և դիրքորոշումները, մտահոգություններն ու գործողությունները:


Համոզված եմ, որ գագաթնաժողովի օրակարգում, դրանում նախանշված ուղղությունները կապահովեն աշխույժ և արդյունավետ քննարկումներ: Մասնակիցներից կստանանք բազում առաջարկներ և տարբեր ոլորտների զարգացմանը վերաբերվող համապատասխան եզրակացություններ: Այս իմաստով Հայաստան-սփյուռք գործակցության տարբեր ոլորտներին ուղղված օրակարգերը միտված են ապահովելու մեր ընդհանուր զարգացման տեսլականը և ծավալել ռազմավարական երկխոսություն»,- եզրափակեց Սինանյանը: