Հերթական հակառուսական քայլը. ՀՀ իշխանությունները Բաքվի հետ սինխրոն են գործում. փորձագետ
Ես չեմ զարմանում, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ նրա մուտքն արգելված է նաև Ադրբեջան և այնպիսի տպավորություն է, որ մեր իշխանությունները Բաքվի իշխանությունների հետ սինխրոն են գործում: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդի ձայն» ՀԿ փորձագետ, քաղաքագետ Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով, եթե Բաքվի դեպքում զարմանալ պետք չէ, հաշվի առնելով նրա գործունեությունը և պրոհայկական կեցվածքը, ապա Հայաստանի պարագայում սա ուղղակի մարազմ կարելի է որակել, որովհետև Կոնստանտին Զատուլինը եզակի ռուս քաղաքական գործչներից է, որին կարելի է միանշանակ գնահատել ՀՀ պետական շահերից և հայ-ռուսական հարաբերություններից բխող գործունեություն ծավալած անձ և, ըստ երևույթին, ՀՀ իշխանություններին դուր չի գալիս այն մեկնաբանությունները, որոնք թեև առկա իրողություններից էին բխում, բայց չէին բխում քաղաքական իշխանությունների շահերից.
“Ես ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ թե պետական շահերով են առաջնորդվում, այլ նեղ քաղաքական, անձնական շահերով: Զատուլինը պրոհայկական գործունեություն է ծավալուն տասնյակ տարիներ և շատ ցավով եմ արձանագրում, որ նման վերաբերմունքի արժանացավ իշխանությունների կողմից: Թեև հստակ կարող եմ ասել, որ սա չի արտացոլում հայաստանյան հասարակության ու ժողովրդի վերաբերմունքը”,- ասաց նա:
Ղուկասյանը նաև վստահություն հայտնեց, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Զատուլինը դարձյալ կլինի Հայաստանում սպասված ու հարգանք վայելով անձ:
“Այս ամենը վկայում է, որ Հայաստանի իշխանությունները բրյուսելյան ձևաչափի կողմնակից են և փորձում են Ռուսաստանի շահերը շրջանցելով՝ Արևմուտքի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համատեղ, բրյուսելյան ձևաչափի շրջանակներում, փակել Արցախի հարցը և բոլոր այն տարածաշրջանային հարցերը, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ից ՌԴ-ն է մոդերատորություն անում ու փորձում միջնորդավորված հանգուցալուծել: Սա նաև հերթական հակառուսական քայլն է, որ արվում է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից առաջ”,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս ամենը ուղղակի անընդունելի է: