ԵՄ տեխնիկական մոնիտորինգի խումբն այսօր կժամանի Հայաստան. Պարույր Հովհաննիսյան
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ԵՄ տեխնիկական խումբը կժամանի Հայաստան՝ քննարկելու ԵՄ քաղաքացիական փաստահավաք առաքելության հյուրընկալման վայրերն ու չափանիշները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Լրագրողների այն նկատառմանը, որ ՀԱՊԿ-ը նույնպես մտադիր է իր դիտորդներին ուղարկել Հայաստանի սահման, փոխնախարարը նշել է, որ «Հայաստանը բաց է բոլոր առաջարկների համար, որոնք կարող են նպաստել անվտանգության ամրապնդմանը, միջազգային մոնիտորինգի ուժեղացմանը՝ խուսափելու սրացումից, որոնք տեղի ունեցան սեպտեմբերին»:
Կհամաձայնի՞ Երեւանը, եթե նման առաջարկ հնչի, օրինակ, Թուրքիայի կողմից, հարցրին լրագրողները։ «Այս պահին նման առաջարկ չի ստացվել, ինչի պատճառով անիմաստ եմ համարում հիպոթետիկ հնարավորությունների քննարկումը»,- ասաց փոխնախարարը։