ՊՆ-ն ներդնում է պայմանագրային զինծառայողներին հավելավճար տալու նոր մեխանիզմ
Պաշտպանության նախարարությունը ներդնում է պայմանագրային զինծառայողների` հավելավճար ստանալու նոր մեխանիզմ, որն ատեստավորումն է: Ատեստավորումն իրականացվելու է կամավորական սկզբունքով:
Կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում հավանության արժանացավ ՊՆ-ի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որն անհետաձգելի ռեժիմով ուղարկվեց Ազգային ժողով՝ քննարկման և հաստատման։
«Մարտական խնդիրներ, պլանավորում և վերահսկում իրականացնող պայմանագրային զինռայողներն ատեստավորումը կանցնեն կամավորության սկզբուքնով։ Նման գործառույթներ ունեցող և պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները կատեստավորվեն պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ քան երեք ամիս հետո և ոչ ուշ քան չորրորդ ամիսը լրանալու օրը», - ներկայացնելով նախագիծն ընդգծեց նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով, հավելավճարը կհաշվարկվի պաշտոնի նշանակման օրվանից: «Իսկ ովքեր ատեստավորումը կձախողեն, կրկնակի ատեստավորման համար կարող են դիմել տարեկան ոչ ավելի քան երկու անգամ, իսկ արդեն հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար», - նկատեց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացված օրենսդրական փոփոխություններն անվանեց պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու նախագիծ: Նա հիշեցրեց, որ սա նման է ուսուցիչների վերապատրաստման գործընթացին։ Այնուհետև վարչապետը նկատեց, որ փոփոխությունները տեղի են ունենում «պրոֆեսիոնալ բանակի» անցում կատարելու տրամաբանության մեջ: «Սա բարեփոխումների կարևոր և անբաժան մասն է», - ասաց Փաշինյանը։