25.11.2024
Քերրի. Ղարաբաղյան հակամարտության հաղթահարմանն անհրաժեշտ պայմանները դեռ չեն ստեղծվել
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Այս տարվա բյուջեն էականորեն թերակատարվելու է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը իր երեկվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագիծը։ Դատելով բյուջեի ցուցանիշներից՝ հաջորդ տարի մեր երկիրը ավելի վատ է ապրելու։ Մասնավորապես, ծախսերը էականորեն կրճատվելու են։ Սակայն թվական որոշակի անճշտություններ կան, որոնք թույլ չեն տալիս «հաշվարկել», թե որքանով է վատ լինելու։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե 2017 թվականին բյուջեի ծախսերը այս տարվա համեմատ կրճատվելու են 100 միլիարդ դրամով, սակայն համեմատելով այս և հաջորդ տարվա բյուջեները՝ պարզ է դառնում, որ ծախսերը կրճատվում են 17 միլիարդ դրամով։ Եկամուտների մասով ևս անհստակություն կա։ Վարչապետը հայտարարեց, թե եկամուտները աճելու են 70 միլիարդ դրամով, սակայն փաստաթղթերով աճը միայն 24 միլիարդ է: Թվային այս տարբերությունները, թերևս, պայմանավորված են նրանով, որ վարչապետը համեմատությունը արել է ոչ թե 2016 թվականի բյուջեի մասին օրենքի, այլ սպասվող ցուցանիշների՝ այսինքն կատարողականի հետ։ Եթե դա այդպես է, ապա այս տարվա բյուջեն էականորեն թերակատարվելու է թե՛ եկամուտների, և թե՛ ծախսերի մասով»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ անցած տարվա նոյեմբերի 25-ին Մարաշում բացահայտված «հանցավոր» խմբի քրեական գործի նախաքննությունը ավարտից առաջ գործով կալանավորված անձանց մեղադրանքը խստացվել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս քայլը կոնկրետ բացատրություն է ունեցել. բանն այն է, որ այս քրեական գործով անցնող անձանց մի զգալի մասի մեղադրանքը մեղմ է եղել, եւ համաներում հայտարարելուց հետո նրանք պատժի կրումից կազատվեին: Ուստի որոշվել է մեղադրանքը խստացնել, որպեսզի նրանք ազատ չարձակվեն»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լավ գործելու համար կառավարությունը պետք է հագեցած լինի մասնագետներով։ Չենք ուզում, որ բայղուշություն ստացվի, բայց այս կառավարության պարագայում շահերի բախման խնդիր է առաջանալու։ Երբ Պետեկամուտների կոմիտեի նախագահը հեռահաղորդակցության ոլորտի հետ կապ ունի, բնականաբար, նրա ընկերությունը կբարգավաճի եւ կխեղճացնի մյուսներին, կունենա նաեւ հարկային արտոնություններ։ Նոր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը գործարար է, Գործարարների միության անդամ։ «Ինգո Արմենիա» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրենն է։ Այս հիմնարկը զբաղվում է ապահովագրություններով, այդ թվում՝ առողջապահական ոլորտում։ Բնականաբար, նրա նշանակումով պետք է զարգանա առողջության պարտադիր ապահովագրությունը, եւ իր հիմնադրած ընկերությունն ավելի լավ բաներ կառաջարկի։ Նա նաեւ բժիշկ է աշխատել, անեսթեզիոլոգ, «Վարդանանց» բուժկենտրոնի սեփականատերն է։ Դա էլ հենց նշանակում է, որ առողջապահական ապահովագրություն ստացողները կարող են բուժվել հենց այդ հիվանդանոցում։ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 20 տարի է՝ Երեւանի կոնյակի գործարանում է, հասել Է մինչեւ գործադիր տնօրենի հաստիքին։ Նոր գյուղնախարարի աշխատանքը կարո՞ղ է խաղողի չիրացման այս ժամանակ բարերար ազդեցություն ունենալ հենց կոնյակի գործարանի վրա։ Ինչո՞ւ չէ, կյանք է, պատահում է ամեն ինչ։ Տրանսպորտի եւ կապի նոր նախարար Վահան Մարտիրոսյանը «Ռոստելեկոմ» ընկերության հիմնադիրն է։ Կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի մասնագետի նշանակումը նախարարի պաշտոնին վատ չէ։ Իսկ ի՞նչ է լինելու նրա հիմնած բիզնեսի հետ։ Եթե Գագիկ Խաչատրյանը «Յուքոմի» հետ էր կապված, ի՞նչ կանի Վահան Մարտիրոսյանը ոչ վաղուց ստեղծված ընկերության բարգավաճման համար»։