25.11.2024
Ուորլիք. ՄԽ-ն կոչ է անում զերծ մնալ գործողություններից, որ բացասաբար են անդրադառնում բանակցային գործընթացի վրա
prev Նախորդ նորություն

Վարչապետը բանկային համակարգից ակնկալում է ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկություններ

Վարչապետ Կարեն Կարապետյանը բանկային համակարգից ակնկալում է գործնական, նաև ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկություններ, որոնց իրականացումը նոր թափ կհաղորդի բիզնես միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը: Այս մասին վարչապետը հայտարարել է բանկային համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Մեր նպատակն է լսել խնդիրները, մարտահրավերները և սպասումները, որոնք ֆինանսական ու տնտեսական համակարգն ակնկալում է կառավարությունից: Մեր նպատակն է, որպեսզի բիզնեսը «շնչի», այդ տեսանկյունից ես ակնկալում եմ, որ դուք առաջարկներ ներկայացնեք, նշելով, թե ինչ կոնկրետ միջոցառումներ պետք է իրականացվեն՝ տնտեսության համար լրացուցիչ վարկավորում ապահովելու նպատակով: Գործնական լուծումներ առաջարկելու ժամանակն է»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Իր հերթին, վարչապետն առաջարկել է բանկային համակարգի ներկայացուցիչներին՝ մշակել համապատասխան մեխանիզմներ բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր և միջին բիզնեսը, այդպիսով նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի ակտիվացմանը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է դրամավարկային քաղաքականությունը, տնտեսության վարկավորման հետ կապված ընդհանուր իրավիճակը:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է կառավարության ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող նախարարներին քննարկել ներկայացված առաջարկությունները և բանկային համակարգի ներկայացուցիչների հետ շարունակել համատեղ աշխատանքը՝ բարձրացված խնդիրների լուծման և տնտեսության առանձին ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ: