ԱՄՆ անմիջական արձագանքն այն էր, որ դադարեցվի բռնությունը և հրադադար հաստատվի: Այս այցից առաջ Հայաստանի սահմանների, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում, որը եղել է Ադրբեջանի կողմից, մենք ընդունել ենք դա: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Նենսի Փելոսին՝ պատասխանելով հարցին, թե եթե ԱՄՆ-ն ընդունում է, ինչպես վերջին օրերին հայտարարվում է, որ Ադրբեջանն ներխուժել է ՀՀ տարածք, արդյոք դրան կհետևեն ինչ-որ պատժամիջոցներ:
"Հայաստանի ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը կարևոր հարցեր են ԱՄՆ համար: Մենք պատրաստակամ ենք այդ աջակցությանը",- ասաց Փելոսին:
Նա նշեց, որ Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարևոր նշանակություն ունի, և Կոնգրեսի անունից խստորեն դատապարտեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները:
Ճշտող հարցին՝ ԱՄՆ պատրա՞ստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Երևանին, ՆՊ խոսնակն արձագանքեց.
"Մեր այցի կարևորությունը նաև նրանում է, որ մենք այստեղ ենք, որ լսենք ու հասկանանք, թե ինչ կարող ենք անել: Մենք այստեղ ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ու ցանկություններ կան",- ասաց Փելոսին:
Նշվեց, որ Ներկայացուցիչների պալատը բանաձև է նախապատրաստել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները և հույս ունեն, որ այդ բանաձևով առաջ կշարժվեն.
"Մենք շարունակելու ենք աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանը և ՀՀ սահմանների որևէ փոփոխությանը դեմ ենք լինելու",- հայտարարեց Փելոսիի պատվիրակության անդամ, կոնգրեսական Ջեքի Սփիրը: