24.11.2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խորենացու Զաքյան փողոցների խաչմերուկում
prev Նախորդ նորություն

Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ-ից հույսը կտրել է

Երևանը պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


«Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում», - ասաց նա:


- Պարո՛ն Գրիգորյան, Ձեզ բավարարո՞ւմ է ՀԱՊԿ-ի արձագանքը, որի մոնիթորինգային խումբը հիմա Հայաստանում է, հատկապես հաշվի առնելով, թե ինչ արագությամբ ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստան հասան, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ:


- Մեր ակնկալիքը ո՞րն է եղել, և մեր հարցադրումը ո՞րն է եղել ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակ ձևակերպված, դա այն է` Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Հայաստանի սուվերենությունը պաշտպանվի, և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան: Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել:


- Ղազախական դեպքերի ժամանակ Դուք հույս էիք հայտնում, որ այսպես վերջապես կգործարկվեն այդ մեխանիզմները, նախադեպ կստեղծվի, մենք մեզ նեղացած չպետք է պահենք: Այ հիմա վերլուծական, փորձագիտական շրջանակներն ասում են, որ սա վերջին ազդակն էր:


 - Բնականաբար, այդպիսի հույս եղել է, և բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիքս է դարձել, և չկա այդպիսի հույս այլևս, միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ, բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում:


- Դա այսօր արդեն հավաքական զորք բերելո՞վ է հնարավոր:


- Դա հնարավոր է բազմաթիվ գործիքներով: Գիտեք, որ միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքներ ունի` ռազմաքաղաքականից սկսած, դիվանագիտական, տնտեսական: Իհարկե, ՀԱՊԿ-ը` որպես կառույց, բնականաբար, չունի նաև տնտեսական գործիքներ, բայց ունի ռազմաքաղաքական գործիքներ, և այդ ռազմաքաղաքական գործիքներով հնարավոր է այդ հարցը լուծել:


- Պարոն Գրիգորյան, այստեղ շատ տրամաբանական է հարցը` եթե ոչ:


- Ի՞նչ առումով ոչ:


- Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Երևանը, ընդհուպ այսօր հնչում է այդ դաշինքը լքելու կոչ:


 - Այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը: