Կրթության ոլորտում լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում. Փաշինյան
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում կրթության որակին: Նրա խոսքով՝ տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից:
«Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին և միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում: Դրա արդյունքում մենք մի կողմից՝ ունենք գործազրկություն, մյուս կողմից՝ գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում որակավորված աշխատուժի բացակայության մասին պնդումները:
Մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ, բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն: Սրա հետևանքով ավելի ու ավելի հաճախ են լսվում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթության երբեմն 2 դիպլոմով ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության: Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է մեր ապագայի տակ»,- ասաց նա:
Նա նշեց, որ կրթության ոլորտում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում:
«Մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը, որն ամրագրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, մեկնարկել է: Այս ծրագրին իրականացման արդյունքում նույնիսկ հեռավոր բնակավայրերի երեխաները բարձրորակ մանկապարտեզներ, նախակրթարաններ ու դպրոցներ հաճախելու հնարավորություն են ունենալու, ինչը գյուղերի վերածննդի առանցքային գործոն պիտի դառնա:
Իմ դիտարկմամբ՝ Հայաստանի բազմաթիվ գյուղեր դատարկվել են նաև այն պատճառով, որ նախադպրոցական տարիքից սկսած երեխաների պատշաճ կրթություն ստանալու ոչ մի հնարավորություն և հեռանկար չի եղել այդ գյուղերում, և ծնողները նախընտրել են հեռանալ նաև երեխաների համար կրթության հեռանկար ստեղծելու համար: Այժմ գյուղական բնակավայրերում բացող մանկապարտեզները, դպրոցները մեր մի շարք գյուղերի վերածննդի անկյունաքարն են դառնալու»,- ասաց Փաշինյանը: