Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանը եւ Սերգեյ Շոյգուն բանակցություններ են վարել Միջազգային անվտանգության մոսկովյան X համաժողովի շրջանակներում:
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, բանակցությունների մեկնարկին Շոյգուն հայտարարել է, որ գործընկերոջ հետ քննարկելու շատ բան ունեն:
"Կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են մեր ռազմատեխնիկական եւ ռազմական համագործակցությանը։ Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղում առաջադրանքներ կատարող մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր։ Մենք, ինչպես եւ դուք, շարունակում ենք վստահ լինել, որ հիմնական կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ամբողջ երկայնքով»,- ասել է նա:
Շոյգուն նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանից իր գործընկերոջը՝ Միջազգային բանակային խաղերի բացմանը եւ «Բանակ-2022» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին, ինչպես նաեւ միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։
Իր հերթին Սուրեն Պապիկյանն ասել է, որ այսօրվա հանդիպումն արդեն երկրորդն է տարեսկզբից, ինչը վկայում է հայ-ռուսական երկկողմ դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակի մասին։ Նա նշել է, որ այդ հանդիպումը շատ կարևոր է.
«Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական համագործակցության առկա մակարդակը, ինչպես նաեւ Ռուսաստանի ներկայության դերը Հարավային Կովկասում»,- ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը։