Արդեն մի քանի օր է՝ շարունակաբար բողոքներ եմ ստանում քաղաքացիներից, որոնք մասնավորապես նշում են, որ բանկերը հրաժարվում են դոլարով փոխանցված գումարը դոլարով տրամադրել իրենց կանխիկացման և պարզապես տեղեկացնում են, որ այս պահին բանկը գումարը կարող է տրամադրել կանխիկացման ՀՀ դրամով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
"Արդյունքում մարդիկ շատ դեպքերում ստիպված են լինում բանկի նշած փոխարժեքով և ՀՀ դրամով կանխիկացնել իրենց փոխանցված գումարը, ինչը նշանակում է, որ չեն կարողանում իրացնել իրենց իրավունքները՝ դոլարով կանխիկացնելու դոլարով իրենց փոխանցված գումարը։
Առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացու համար լրացուցիչ ֆինանսական դժվարություններ առաջացնելն անթույլատրելի է։ Արժույթի տատանումների այս պայմաններում քաղաքացիներն արդեն իսկ ամենատարբեր խնդիրների առաջ են կանգնել, և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրավասու օղակների` օրենքով թույլատրելի միջամտության անհրաժեշտություն է առաջանում։
Քաղաքացիներից ոմանք էլ նշում են, որ փոխանցումների իրականացումից առաջ որևէ կերպ չեն տեղեկացվում, որ դոլարով փոխանցված գումարը հնարավոր է կանխիկացնել միայն ՀՀ դրամով, ուստի իրենք զրկված են նաև այս մասով որոշում կայացնելու իրավունքից, մինչդեռ քաղաքացիները պետք է նախապես տեղեկացվեն և ազատորեն կարողանան իրացնել իրենց փոխանցված գումարը համապատասխան արժույթով կանխիկացնելու իրավունքը։
Քաղաքացիների մի խումբ էլ մատնանշեց խնդիրների մյուս մասը, որոնք վերաբերում էին արդեն փոխանցումների նկատմամբ կիրառված տոկոսագումարներին։ Ինչպես հայտնում են մասնագիտական օղակները, այո՛, բանկերն իրենք են այս մասով որոշումներ կայացնում, բայց և քաղաքացիները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում առ այն, որ մի կողմից տոկոսագումարները բավականին բարձր են, մյուս կողմից էլ այդ պայմաններում դրանք տարածվում են ինչպես փոխանցողի, այնպես էլ ստացողի վրա։
Հարցի կապակցությամբ պարզաբանում եմ պահանջել և ստացել ՀՀ կենտրոնական բանկից առ այն, որ որոշ դեպքերում ունենում ենք կանխիկ դոլարի պակասուրդի հետ խնդիր՝ կապված աշխարհաքաղաքական իրավիճակով. Այո՛, կա սահմանափակում կանխիկ դոլար հայթայթելու հետ։ Եվ որոշ դեպքերում հնարավոր է՝ բանկերը տվյալ պահին չունենան կանխիկ դոլար, դրա համար դնեն այդ պահանջը/պայմանը, որ փոխանակվի այլ արժույթով, այդ թվում՝ ՀՀ դրամով։
Տեղեկացա նաև, որ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում արդեն իսկ տարբեր հայցեր կան այս թեմայով և հաշտարարը պիտի այդ հայցերի քննումները իրականացնելու հետ կապված որոշ գործողություններ կատարի։
ՀՀ բանկերի միության գործադիր տնօրեն Ս․ Սարգսյանն էլ իմ ներկայացրած հարցերին ի պատասխան նշեց, որ խնդիրը և խնդրի օբյեկտիվությունը պայմանավորված են վերջին շրջանի իրադարձությունների պատճառով կապիտալների տեղաշարժի (մասնավորապես ՌԴ-ից) նկատելի ակտիվությամբ պայմանավորված կանխիկ ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկի, այդ թվում սպեկուլյատիվ պահանջարկի ակտիվացմամբ։ Այս պայմաններում բանկերը ստիպված են լինում երբեմն կիրառել մարտավարական լուծումներ` հաշվի առնելով, որ անհրաժեշտ կանխիկի բավարար առկայությունը սկզբունքային հարց է՝ բանկերում համապատասխան լիկվիդայնությունը ապահովելու և կանխիկի պահանջարկը ըստ առաջնահերթությունների բավարարելու համար։ Իսկ փոխանցումների նկատմամբ կիրառվող տոկոսագումարները ձևավորվում են վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանվող վճարներից։
Հասկանալով հանդերձ խնդրի որոշակի օբյեկտիվ բաղադրիչները, ինչպես նաև ՀՀ բանկերի միության գործադիր տնօրեն Ս․ Սարգսյանի հավաստիացումը, որ կանխիկացման հնարավոր սահմանափակումների խնդիրը իրավիճակային է, համատարած ու կայուն չէ, պայմանավորված է ՀՀ բանկերից չկախված ու նշված հանգամանքներով, որոնց ազդեցության թուլացման ու շուկայում անհրաժեշտ ծավալով կանխիկի առկայության պարագայում այսպիսի հնարավոր սահմանափակումները բնականաբար կվերանան, պետք է նշել հետևյալը․
Նույնիսկ այս իրավիճակում չպետք է մոռանալ, որ մարդու իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են, և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի` ի պաշտպանություն դրանց։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում ստեղծվել է մի իրավիճակ, որ քաղաքացին իր պետության մեջ չի կարողանում ազատորեն իրացնել իր իրավունքները՝ ցանկալի արժույթով կանխիկացնել նույնիսկ իրեն պատկանող գումարը։
Հուսով եմ՝ իրավասու օղակները կգնան բողոքների հետևից և կհասնեն համակարգային լուծման, այլ ոչ թե կոչ կանեն քաղաքացուն գրավոր դիմել համապատասխան բանկին, ինչպես ահազանգերով տեղեկանում եմ:
Հետևողական կլինեմ խնդրի կարգավորման առումով":