22.11.2024
Բանակի կարևորությունը ի՞նչ բացատրենք Արցախի՝ Ադրբեջանի կազմում տեսնողներին. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Աննայի այցով Փաշինյանը «փչացնում է» ըմբոստ համայնքապետերին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր է՝ վարչապետի կինը Սյունիքի մարզում է։ Մարզի մեր աղբյուրներն ասացին՝ եկել է հանգստանալու, շրջագայելու: Նա շրջում է համայնքներով, այցելում մշակույթի կենտրոններ, ժամանցի վայրեր, թանգարաններ: Մարզպետից մինչեւ վերջին համայնքապետ զբաղված են նրան ուղեկցելով: Երեկ տիկինը մեկնել էր Քաջարան։ Իշխանությունների կողմից հալածված քաղաքապետի` Մանվել Փարամազյանի ընդունելությունը շոկ առաջացրեց հանրության ակտիվ շրջանակներում: Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության նախկին անդամ Փարամազյանը ոչ թե սյունյաց ողջույններով, ինչպես տարիուկես առաջ վարչապետին էին դիմավորել, այլ ծաղկեփնջով էր դիմավորում նրա կնոջը: Մեր աղբյուրներն ասում են, որ մյուս համայնքապետերն էլ են դիմավորել եւ աջակցել Աննա Հակոբյանին: Իսկ ամիսներ առաջ էլ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն էր շարունակաբար ներողություն խնդրում նրան վիրավորելու համար: Մեղրի համայնքի նորընտիր ղեկավարն էլ էր ուղեկցում Հակոբյանին: Երեկ նա եղել է Գորիսում, այցելել Բակունցի տուն-թանգարան, Կանանց ռեսուրս կենտրոն, որի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը Առուշ Առուշանյանի թիմակիցն է՝ ավագանու անդամ: Թեեւ ասացին, որ Գորիսի համայնքապետն անձամբ չի հանդիպել Հակոբյանին: Այսօր նա կլինի Կապանում, եւ «ծաղկեփնջով» ներկայանալու հերթը համայնքապետ Փարսյանինն է: Ոմանք կարծում են, որ այս այցով Փաշինյանը որոշել է «փչացնել» ըմբոստ համայնքապետերին: Ի դեպ, Աննա Հակոբյանի այցից առաջ լցրել են Տաթեւ-Աղվանի ճանապարհի փոսերը, Տանձավերի հատվածում ասֆալտ են փռել: Նա մնում է Հալիձորի տարածքում գտնվող «Հարսնաձոր» համալիրում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա՝ 2021-ի հենց այս օրերին այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո կառավարության շենքում հանդիպել էր ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։ Ըստ կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Էռնեկյանը, ողջունելով Փաշինյանին, ասել էր. «Մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը, որովհետեւ դա շատ կարեւոր է, եւ մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը»: Էռնեկյանի ասածից ստացվում էր, թե նա աջակցում էր Փաշինյանի ղեկավարած ուժին ու «սրտատրոփ» սպասում էր, թե երբ է «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթանակ տանելու ընտրություններով: Բայց բարեբախտաբար կամ միամտորեն կառավարության լրատվական ծառայությունը նաեւ հանդիպման տեսագրությունն էր տեղադրել, ինչից էլ պարզ էր դարձել, որ իսպաներենի թարգմանչունին սխալ է փոխանցել Էռնեկյանի խոսքը: Գործադիրը, ըստ երեւույթին, շոյվելով ոգեւորիչ խոսքերից, չի ջանացել այն ճշտել ու շտկել այն: «Դա նշանակալի փաստ է պատմական առումով, եւ ես կարող եմ միայն իմ աջակցությունը հայտնել արդեն կայացած որոշման առիթով: Եվ ինչպես նշել ենք ի սկզբանե, մենք Հայաստանի տնտեսության ինտեգրատիվ մասն ենք կազմում եւ պատրաստ ենք ամբողջությամբ համագործակցել երկրի հետ»,- իրականում ասել էր ՀՀ ազգային հերոսը: Ասել է թե՝ նա փոխանցել էր, որ անկախ նրանից՝ ով է իշխանության ղեկին, իրենք շարունակելու են ամբողջությամբ աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Ստացվում է՝ հայտարարելով, թե Էռնեկյանը աջակցում է իշխանությանը՝ հերթական անգամ ստել է»:


«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հուլիսի 6–ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովին: Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում նա գրավոր դիմումով հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալու հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է կրկին Ազգային ժողովի նախագահը: Սակայն, «Իրավունքի» տեղեկությունների համաձայն, դեռ շաբաթը չլրացած` բավական ուրախ տրամադրություն է «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ–ում: Պատճառն այն է, որ Արթուր Ղազինյանին խորհրդարանում փոխարինելու է ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արգիշտի Գեւորգյանը: Փաստացի, որքան երերում են «Հայաստան» դաշիքնի հիմքերը, այնքան ավելի ամրանում է խորհրդարանում ՀՅԴ–ն միայնակ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետը եւս մեկ լիազորություն կունենա։ Ամեն դեպքում, դա է ստացվում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությամբ։ Այժմ օրենքում ամրագրված է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներն իրենց դիմումները ներկայացնում են կառավարություն, եւ այդ կառույցն է կոլեգիալ հաստատում այն։ Այժմ օրենքում համապատասխան լրացում են անում` ներառելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը ՀՀ վարչապետին ներկայացնելու եւ վերջինիս կողմից նրանց պաշտոնից ազատելու հնարավորությունը։ Սա նշանակում է, որ կբացառվի նրանց կողմից հրաժարականի դիմումը ՀՀ կառավարություն ներկայացնելու օրենսդրական ընթացակարգը. կենթարկվեն միայն վարչապետին: Նշենք, որ կոմիտեի նախագահին, տեղակալներին եւս նշանակում է վարչապետը, այսինքն՝ քննչական այդ մարմինն ուղղակի վարչապետի ենթական է ու կամակատարը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօրվանից ՀՀ պաշտպանության նախարարությունում սկսվելու է լայնածավալ կադրային ջարդ: Ինչպես հայտնի է, երեկ Ազգային ժողովը 58 կողմ ձայնով, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունների փաթեթը։ Ըստ այդ փոփոխությունների՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Եվ, ահա, հենց այս որոշումն է Պաշտպանության նախարարությունում իրավիճակ փոխել: Բանն այն է, որ ինչպես Գլխավոր շտաբում, այնպես էլ նախարարությունում շունչները պահած սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում: Փաստ է մեկ բան, որ շատ պաշտոնատար անձինք են ազատվելու, եւ նոր նշանակումներ են կատարվելու, այնպես որ, առաջիկայում նոր զարգացումներ կլինեն ՀՀ զինված ուժերում, որտեղ սթրեսները պարբերաբար հաջորդում են մեկը մյուսին»:


«Իրավունք» թերթը գրում է. «Նախկինին վերադարձ չի լինելու կոչերով իշխանության եկածները որոշել են հետ բերել 90–ականների ողջ պերճանքն ու թշվառությունը: Ոստիկանությունը կրկին դառնում է նախարարություն, միայն թե այլեւս Վանո Սիրադեղյանը չկա: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ` խորհրդարանական նիստերի դահլիճում առաջիկա օրերին տեղի կունենան լսումներ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ հանդիպել է Հայաստան ժամանած պոկերի արքա Դեն Բիլզերյանին ու նրա հետ քննարկել Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները։ Անգամ լուսանկար հայտնվեց` Բելզիրյանը շորտիկով, նախարարի հետ հանդիպմանը: Երեկ Քերոբյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ներդրումների խոստում է տվել Դենը։ «Ոչ մի խոստում, բայց նախագծեր քննարկվում են»,-կարճ պատասխանեց նախարարը։ Հիշեցրինք, որ Քիմ Քարդաշյանն էլ ժամանակին խոստանում էր, որ Հայաստանում ներքնազգեստի արտադրություն է սկսելու, սակայն մնաց օդում, Քերոբյանն անարձագանք թողեց մեր դիտարկումը եւ հեռացավ։ Ինչպես միշտ ամեն ինչ միայն շոուների եւ լուսանկարների մակարդակում է տեղի ունենում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է դրել «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով սահմանվում են խաղերին մասնակցելու սահմանափակումները: Ընդ որում՝ արգելվելու է այն քաղաքացիների մասնակցությունը օրենքով սահմանված խաղերին, որոնք հանդիսանում են սոցիալական աջակցության ծրագրի շահառու, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որեւէ ծրագրից, հանդիսանում են նպաստառու, ճանաչվել են սնանկ կամ ունեն չմարված պարտավորություններ, գտնվում են սնանկության վարույթում, սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամուտների 40 տոկոսը, հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Ավելին՝ այս օրենքի կանոնները խախտելու համար ՊԵԿ-ն առաջարկում է տուգանքներ կիրառել: Օրինակ՝ մոլախաղերի կամ ինտերնետ մոլախաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: Եթե խախտվի սահմանված նվազագույն չափը, յուրաքանչյուր խաղային արտադրանքի համար տուգանքի չափը կկազմի 500.000 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե խախտվել են քաղաքացիներին խաղերին մասնակցության արգելքի ընդհանուր կանոնները, ապա առաջին անգամ խախտման յուրաքանչյուր դեպքի համար տուգանքը կկազմի 2 մլն դրամ, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` 5 մլն դրամ: Իհարկե, լավ է ասված, մնում է հականալ, թե թղթի վրա գրված օրենքը ինչպես է կիրառվելու, եւ ով է վերահսկելու այն»: